Ադրբեջանցի գրող Ալեքպեր Ալիևի նոր վեպը կոչվում է «Սարի գելին»: Ինչպես kultura.az կայքում գրում է Էլմիր Միրզոևը, գիրքը ամբողջությամբ ներկայիս ադրբեջանական հասարակության, ամեն մի ադրբեջանցու մասին է, նրանում առաջացող հարցերի ու պատասխաների մասին:
Նշենք, որ Ալիևը 2010 թվականին հեղինակել էր մեկ այլ գիրք, որը կոչվում է «Արտուշն ու Զաուրը», որը պատմում է հայ և ադրբեջանցի միասեռական տղաների սիրո մասին, որոնք ազգերի միջև ծագած պատերազմի պատճառով ստիպված են եղել բաժանվել` մատնվելով տառապանքների: Ի դեպ, գրքի ռուսերեն տարբերակի թարգմանության խմբագիրն է իրավապաշտպան Լուիզա Պողոսյանը:
Ըստ Էլմիր Միրզոևի` Ալիևի նոր գիրքը նույնպես անդրադառնում է ազգամիջյան խնդիրներին, «ատելությանը ատելի Ուրարտուի» հանդեպ, «արմատներին» վերադառնալու մարդկանց ձգտումներին, ազգայնական-հռետորաբանությանը, օլիգարխիային, հեռուստատեսությանը և հասարակությանը հուզող մի շարք այլ հարցերին:
Պատմության, երգերի, ուտեստների, էպոսների սիմուլյակրերը գրքի անփոփոխ ուղեկիցներն են, իսկ տարածաշրջանի երկրներն անվանված են իրենց հին պատմական անուններով` Ատրպատական, Ուրարտու, Իբերիա, Օսմանլի, Ցարական Ռուսաստան:
Այս համատեքստում իզուր չէ ընտրված նաև գրքի վերնագիրը` «Սարի գելին», ժողովրդական երգ, որը իրենցն են համարում ինչպես հայերը, այնպես էլ ադրբեջանցիները, թուրքերն ու պարսիկները: