Մոսկվայի իշխանությունները արտոնել են ընդդիմության` «հանուն արդար ընտրությունների» հանրահավաքը, որը պետք է տեղի ունենա դեկտեմբերի 24-ին Սախարովի պողոտայում: Այս մասին դեկտեմբերի 14-ին Twitter-ի իր միկրոբլոգում հաղորդել է ակցիայի կազմակերպչական հանձնաժողովի անդամ Իլյա Պոնոմարյովը, հայտնում է Lenta.ru-ն:
Հանրահավաքի համար ներկայացված հայտում որպես հանրահավաքի անցկացման հնարավոր վայրեր էին նշվել Վասիլևսկի Սպուսկ հրապարակը, Մանեժնայա հրապարակը և Սախարովի պողոտան: Սակայն քաղաքապետարանը չի արտոնել առաջին երկու տեղերում հանրահավաքի անցկացումը:
Ընդդիմությունը որոշել է ևս մեկ զանգվածային ակցիա անցկացնել դեկտեմբերի 10-ին Բոլոտնայա հրապարակում կայացած հաջող հանրահավաքից հետո: Այն ժամանակ ընդդեմ կեղծված ընտրությունների անցկացվող հանրահավաքին մի քանի տասնյակ հազար մարդ էր հավաքել: Նշենք, որ նույն օրվա համար ակցիա անցկացնելու հայտ են ներկայացրել նաև ազգայնականները, որոնք այդկերպ ցանկանում են հասկացնել կազմակերպիչների լիբերալ հատվածին, որ «իրենց չի հաջողվի սեփականացնել համաքաղաքացիական բողոքի ակցիան»: