Շաբաթվա սկզբին ՌԴ նախագահական ընտրություններին իր թեկնածությունն առաջադրած գործարար Միխայիլ Պրոխորովի շրջապատի մարդիկ խոստանում են նրան «ամուսնության թեմային դրդել», «Ռիա Նովոստիին» պատմել է Պրոխորովին մոտ կանգնած անձանցից մեկը:
«Այո, այդ հարցն անշուշտ քննարկվում է: Համակիրները նրան դրդելու են այդ թեմային»,-ասել է գործակալության զրուցակիցը:
Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց վարկանշային աղյուսակի 3-րդ հորիզոնականը զբաղեցնող 46-ամյա Պրոխորովը, ում կարողությունը 18 մլրդ դոլար է գնահատվում, երկուշաբթի հայտարարել էր, որ պատրաստվում է իր թեկնածությունն առաջադրել 2012-ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններին:
Նշենք, որ Պրոխորովը երբեք ամուսնացած չի եղել:
«Եթե անհրաժեշտ լինի լուծել այդ խնդիրը, նա կլուծի»,- վստահեցրել են միլիարդատիրոջ շրջապատում:
Պրոխորովը քաղաքականություն է եկել ընթացիկ տարվա հունիսին` համաձայնելով ղեկավարել «Պրավոյե դելո» կուսակցությունը: Կուսակցության դեռ առաջին համաժողովի ժամանակ լրագրողները նրան հարց ուղղեցին ամուսնության մասին: Պրոխորովն այդ ժամանակ հայտարարել էր, որ հավատում է սիրուն և մինչ այժմ սպասում է իր երկրորդ կեսին:
Լրագրողներին ավելի վաղ հայտնի էր դարձել այն գրազի մասին, որ գործարարը կնքել էր 17 տարեկանում իր ընկերոջ հետ: Այն ժամանակ Պրոխորովը խոստացել էր չամուսնանալ մինչև 42 տարեկանը, բայց դա, միլիարդատիրոջ խոսքով, չի նշանակում, որ այդ տարիքին հասնելուց հետո նա պետք է փոխի ընտանեկան կարգավիճակը: