Այսօր 2008 թվականի մարտի 1-ին զոհված Գոռ Քլոյանը կդառնար 32 տարեկան:
Epress.am-ի հետ զրույցում Գոռ Քլոյանի հայրը` Սարգիս Քլոյանը տեղեկացրել է, որ իրեն ծանուցագիր է եկել Հատուկ Քննչական ծառայությունից, որպեսզի այսօր գնա այնտեղ, բայց ինքը որոշել է ՀՔԾ գնալ վաղը, քանի որ այսօր իր որդու ծննդյան օրն է և իրենք պատրաստվում են գերեզմաններ այցելել:
Գոռ Քլոյանի հարազատների հետ գերեզմաններ կայցելեն նաև Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչները:
Խոսելով մարտի 1-ի սպանությունների բացահայտման մասին` Սարգիս Քլոյանն ասել է.
«Ոչ մի ակնկալիք չունեմ: Մարտի մեկը չեն բացահայտել ու չեն բացահայտելու: Մեր միակ հույսը իշխանափոխությունն է, որից հետո հնարավոր կլինի բացահայտել», – ասել է Սարգիս Քլոյանը:
2008 թվականի նախագահական ընտրություններին հաջորդած բողոքի ակցիաների մասնակից Գոռ Քլոյանն Ազատության հրապարակում խաղաղ հանրահավաքը ցրելուց հետո ընդդիմադիրների հետ եղել է Գրիգոր Լուսավորիչ փողոցի վրա, որտեղ սպանվել է «Չերյոմուխա 7» հատուկ միջոցի կիրառման հետևանքով: Նա ամուսանացած էր, խնամքին ուներ երկու մանկահասակ երեխա: