Home / Հայաստան / Դինքին հորդորում էին զգույշ լինել. փաստաբանները միջնորդություն են ներկայացրել

Դինքին հորդորում էին զգույշ լինել. փաստաբանները միջնորդություն են ներկայացրել

2007 թվականին Ստամբուլում սպանված հայազգի լրագրող Հրանտ Դինքի ընտանիքը բողոքարկել է Անկարայի դատախազի հոկտեմբերի 29-ի որոշումը, համաձայն որի Ազգային հետախուզության կազմակերպության (MİT) երկու սպաների դեմ հարուցված գործը պետք է կարճվի: Փաստաբանները ենթադրում են, որ սպաները կարող են կապ ունենալ Դինքի սպանության հետ:

Հրանտ Դինքի ընտանիքի անունից ներկայացված միջնորդության մեջ նշվում է, որ 2004 թվականին Դինքը հոդված էր հրապարակել «Ագօս» շաբաթաթերթում, որում նա վստահեցնում էր, որ ժամանակակից Թուրքիայի հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի որդեգրած դուստր Սաբիհա Գոգչենը, ով նաև Թուրքիայի առաջին կին օդաչու է եղել, ազգությամբ հայ է:

Դինքի հրապարակումից հետո Hürriyet պարբերականն արտատպել էր հոդվածը «Աթաթուրքի որդեգրած դուստրը հայ աղջիկ էր» վերնագրով, որից հետո Թուրքիայի բանակի գլխավոր հրամանատարությունը խիստ հայտարարություններով էր հանդես եկել այդ հոդվածների առնչությամբ:

Դինքին կանչել էին Ստամբուլի նահանգապետի գրասենյակը, որտեղ նրա հետ զրույց էին MIT-ի երկու սպաներ:

Իր մահվանից մեկ շաբաթ առաջ` 2007 թվականի հունվարի 12-ին, Դինքը գրել էր «Ագօսում» այդ հանդիպման մասին, որը տեղի էր ունեցել 2004-ի փետրվարի 4-ին:

MIT-ի երկու սպաները հորդորել էին Դինքին «զգույշ լինել» հոդվածներ գրելիս:

Փաստաբանները նշում են, որ այդ երկու սպաներից մեկը` Օզել Յիլմազն այժմ մեղավոր է ճանաչվել որպես ազգայնական «Էրգենեկոն» խմբավորման անդամ, և նա կարող էր կապ ունենալ Դինքի սպանության հետ:

Իր վճիռում, որ բողոքարկել են Դինքի ընտանիքի փաստաբանները, դատարանն ընդունել էր, որ MİT-ի պաշտոնյաների գործողությունները կարելի է դատապարտելի համարել, քանի որ դա մասնագիտական «անփութության և սխալ վարքագիծ» է, բայց քանի որ հայցադիմումի ներկայացման ժամկետները վաղուց լրացել են, գործը կարճվել է:

Այդուհանդերձ, փաստաբանները նշում են, որ հանցագործության ժամկետ պետք է ճանաչվի 2007 թվականի հունվարի 19-ը, երբ Դինքը սպանվել է, և ոչ թե 2004 թվականը, երբ տեղի է ունեցել հանդիպումը նահանգապետի գրասենյակում: