ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի և գեներալ Մանվել Գրիգորյանի հարաբերությունները խիստ լարված են, գրում է «168 ժամ» պարբերականը:
Լարվածության պատճառը դեկտեմբերի 12-ին Էջմիածնի քաղաքապետարանի բնակկոմունալ վարչության պետ Նորիկ Միրզախանյանի (Կարտոլ մականունով) ձերբակալությունն է, որի մոտ, ըստ ոստիկանության, 7 գրամ թմրանյութ են հայտնաբերել, որի համար նա կարող է դատապարտվել մինչև 3 տարվա ազատազրկման: Նորիկ Միրզախանյանը գեներալ Մանվելի մերձավորներից է:
Պարբերականը մեջբերում է Էջմիածնի քաղաքապետարանի աշխատակիցների կարծիքը, որոնք զարմացած են եղել Միրզախանյանի ձերբակալությամբ` նշելով, որ նա նույնիսկ սովորական ծխախոտ չի ծխում, «ուր մնաց` թմրանյութ օգտագործի»:
Թերթը նշում է նաև, որ Մանվել Գրիգորյանին զայրացրել է ոստիկանության գործելաոճը ձերբակալության ժամանակ, ովքեր, քաղաքապետարանի աշխատակիցների պատմելով, 5-6 մեքենայով կանգնեցրել են Միրզախանյանի մեքենան, ով իր 6-ամյա երեխայի հետ վերադառնալիս է եղել հոգեհանգստի արարողությունից և ավտոմատները վրան պահում: Ձերբակալելով Միրզախանյանին` նրանք երեխային թողել են Երևան Արմավիր խղճուղու վրա, և միայն ժամեր անց ճանապարհային ոստիկանության աշխատակիցները երեխային բերել են Էջմիածին: Երեխան տեսածից մինչ այժմ ուշքի չի գալիս, լեզուն կապ է ընկել:
«168 ժամը» գրում է, որ Էջմիածնում շատերը պնդում են, որ Նորիկ Միրզախանյանի ձերբակալությունը զուտ անձնական վրեժխնդրություն է Վլադիմիր Գասպարյանի կողմից, քանի որ նրա` Էջմիածնում բնակվող ազգականների և Միրզախանյանի միջև կոնֆլիկտ է եղել: Վերջինիս զգուշացրել են, թե ում ազգականների հետ գործ ունի, բայց Միրզախանյանը հայհոյել է:
Օրաթերթի աղբյուրը նշում է, որ Միրզախանյանին ոստիկանություն տանելուց հետո դաժան ծեծի են ենթարկել, ապա տեղափոխել Արմավիրի քննչական բաժանմունք, և մինչ այժմ նրա մոտ փաստաբան չեն թողնում: Ըստ Միրզախանյանի մտերիմների` փաստաբանին չթողնելու պատճառն այն է, որ ծեծի հետևանքով կապտուկներ են առաջացել, և ոստիկանությունում չեն ցանկանում, որպեսզի որևէ մեկը նրան տեսնի այդ վիճակում:
Համաձայն Էջմիածնում շրջանառվող լուրերի, գեներալ Մանվելին տեղի ունեցածն այնքան է զայրացրել, որ նա սպասում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` Իտալիայից վերադառնալուն, որպեսզի կատարվածի մասին անձամբ զրուցի նրա հետ: