Այսօր «Հարսնաքար» համալիրում տեղի ունեցավ Հայաստանի ազգային հավաքականի մեծարման երեկոն:
Հայաստանի ազգային հավաքականի անդամներին շնորհավորեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, որից հետո նա պարգևներ հանձնեց Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Սարգիս Հովսեփյանին և դարպասապահ Ռոման Բերեզովսկուն, անվանական ժամացույցներ հանձնեց հավաքականի բոլոր անդամներին, գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանին:
Այնուհետեւ տեղի ունեցավ «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգով սահմանված մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը: Այս անվանակարգով սահմանված 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերին արժանացածները ստացան «Ոսկե», «Արծաթե» և «Բրոնզե» խաղակոշիկներ և դրամական պարգևներ: Մրցանակները հանձնեց ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը:
Տարվա լավագույն ֆուտբոլիստին որոշելու համար բարձրագույն խմբի ակումբներից ներկայացվել է 35 թեկնածություն, ազգային հավաքականից` 11, իսկ երիտասարդական հավաքականից 5 ֆուտբոլիստի թեկնածություն: 284 միավորով տարվա լավագույն ֆուտբոլիստ է հռչակվել Հենրիխ Մխիթարյանը:
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը, Տարվա լավագույն ֆուտբոլիստ անվանակարգում գրավելով 2-րդ տեղը, ստացավ Արծաթե խաղակոշիկ:
Բրոնզե խաղակոշիկը շնորհվեց Ռոման Բերեզովսկուն:
ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը մրցանակ հանձնեց նաև «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգում հաղթողին` Վարդան Մինասյանին:
Մինասյանը, իր հերթին, Հայաստանի ազգային հավաքականի անունից հավաքականի մարզաշապիկ և գնդակ նվիրեց Սերժ Սարգսյանին:
ՀՖՖ նախագահը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պատվոգրով պարգեւատրեց նաեւ Վիվա-Սել ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին` հայկական ֆուտբոլի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար:
ՀՖՖ նախագահը մրցանակներ հանձնեց նաև «լավագույն լուսաբանման համար» անվանակարգի հաղթողներին` Հայաստանի հանրային հեռուստաընկերության առաջին լրատվականին:
Այնուհետև կրկին բեմ հրավիրվեցին Հայաստանի ազգային հավաքականի անդամները` դարպասապահները, պաշտպանները, կիսապաշտպանները, հարձակվողները, հավաքականի գլխավոր մարզիչը, ովքեր պատասխանեցին երեկոյի հանդիսավարների հարցերին:
Երեկոյի ընթացքում ողջույնի և մեծարման խոսքեր հնչեցին նաեւ 70-ական թվականների «Արարատ» թիմի, հայկական ֆուտբոլի վետերանների, հայկական ֆուտբոլի երկրպագուների հասցեին:
Երեկոյի ավարտին առաջին անգամ հնչեց նաեւ Հայաստանի ազգային հավաքականին նվիրված երգը, որը հեղինակել են Արա Գևորգյանն ու Վարդան Հովասափյանը: Երգը կատարեցին Համլետ Գևորգյանն ու Զարուհի Բաբայանը: