Ռուսաստանում խորհրդարանական ընտրությունների քվեարկության գործընթացի քննադատությունը պայմանավորված չէ ՌԴ-ի հետ հարաբերությունները բարդացնելու ամերիկյան իշխանությունների ցանկությամբ, իսկ Ռուսաստանի ցույցերը չեն կազմակերպվել դրսից, հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղար Հիլարի Քլինտոնը` պատասխանելով ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի կողմից հնչեցված մեղադրանքներին: Հիշեցնենք, որ Պուտինի հայտարարել էր, թե Քլինտոնը Ռուսաստանի որոշ գործիչներին ակտիվ գործելու «ազդանշան» է տվել:
«Մեզ համար ամենակարևոր արժեքներից մեկը մարդու իրավունքներին և ժողովրդավարությանը աջակցելն է: Ընտրությունները ժողովրդավարության միակ բաղադրիչը չեն, դրանք որոշ առումով անհրաժեշտ պայման են դրա գոյության և հաջող զարգացման համար: Մենք միշտ հստակ հայտարարում ենք, թե ինչն է սատարում ԱՄՆ-ն, և այս դեպքում արտահայտվել ենք այն մասին, թե ինչի են արժանի ռուսաստանցիները»,- PBS հեռուստաալիքի հետ զրույցում ասել է Քլինտոնը` հեռակա կերպով պատասխանելով Պուտինի նկատողությանը:
«Անկախ դիտորդները այն եզրակացությանն են եկել, որ, ցավոք սրտի, քվեարկության ընթացքում միջամտության և խախտումների բազմաթիվ փաստեր են գրանցվել: Այսօր Ռուսաստանը համարվում է ամենաբարձր կրթվածության մակարդակն ունեցող բնակչությամբ երկիր, որտեղ աճում է միջին խավը, որն ունի համապատասխան ձգտումներ: Այս ամենը (բողոքի ցույցերը) դրսից չեն հրահրվել, այլ ներսից են բխել»,-նշել է ԱՄՆ Պետքարտուղարը: