Փարիզի ուղղիչ դատարանը Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակին մեղավոր է ճանաչել Փարիզի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնելու տարիներին (1977-1995 թվականներին) կեղծ աշխատատեղեր ստեղծելու և իր կուսակցության ապօրինի ֆինանսավորման մեջ, հայտնում է Reuters-ը:
Դատավորը Շիրակին առաջադրված մեղադրանքներն ապացուցված է համարել: Նշենք, որ սկանդալային գործով լսումները սկսվել էին 2011 թվականի մարտին, սակայն հետաձգվել էին գործի վարույթի հիմնավորվածության վերաբերյալ վեճերի պատճառով: 2011 թվականի սեպտեմբերին դատավորը թույլատրել էր Շիրակին չներկայանալ նիստերին վատառողջ լինելու պատճառով:
Մեկնաբանելով դատական որոշումը` Շիրակը հայտարարել է, որ այս լսումները շատ կարևոր են ժողովրդավարության համար, իսկ իրեն նախկին նախագահը հասարակ քաղաքացի է համարել: Նա ընդգծել է, որ ոչ մի անբարո բան չի արել քաղաքապետ եղած տարիներին, քանի որ այդ ժամանակ անձամբ ինքը չի հարստացել: