ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը պարտավոր է զսպել պաշտպանության նախարարության ենթակայության տակ գտնվող կառույցների, այդ թվում՝ Ռազմական ոստիկանության կամայականությունները, զերծ պահելու վկաներին ճնշումներից:
Այս մասին ասված է 2010թ. հուլիսի վերջին Տավուշի մարզի «Մեհրաբ» զորամասի մարտական հենակետերից մեկում զոհված լեյտենանտ Արտակ Նազարյանի իրավահաջորդ Ծովինար Նազարյանի, ներկայացուցիչներ Մուշեղ Շուշանյանի և ներկայացուցիչ Ռուբեն Մարտիրոսյանի հայտարարության մեջ: Դրա հեղինակները նաև պնդում են, որ Սեյրան Օհանյանը պարտավոր է կարգադրել ՊՆ Քննչական ծառայությանը՝ նոր քրեական գործ սկսել Արտակ Նազարյանի մահվան հանգամանքների վերաբերյալ և կատարել բազմակողմանի, անաչառ և լրիվ քննություն:
Հայտարարության պատճառ է դարձել Արտակ Նազարյանի գործով անցնող կարևորագույն վկաներից մեկի` Արման Մնացականյանի բանակից չզորացրելը, չնայած նրա ծառայության 24 ամիսը լրացել է 2011թ. դեկտեմբերի 4-ին:
Երեկ Epress.am-ի հետ զրույցում Ծովինար Նազարյանն ասել էր, որ դատարանում վկայի տված ցուցմունքները հաճախ հակասում են իրար, ինչպես նաև նախաքննական ցուցմունքներին:
Դրանից ելնելով` Արտակ Նազարյանի իրավահաջորդը և ներկայացուցիչները ենթադրում են, որ ռազմական ոստիկանության միջոցով ոչ թե պաշտպանություն, այլ ճնշում է գործադրվում վկայի վրա, և վերջինս հարկադրված կեղծում է իրականությունը:
Դատավարության մասնակիցների բազմակի միջնորդությունները՝ վկային հարցաքննել զորացրվելուց հետո, մերժվել են դատարանի կողմից: Տուժողի մորը և իրավահաջորդի ներկայացուցչին 2010թ.-ի դեկտեմբերի 6-ին Սեյրան Օհանյանը հայտնել է, որ վկան կզորացրվի, եթե իսկապես նրա ծառայության ժամկետը լրացել է, սակայն դա տեղի չունեցավ:
«Նկարագրված իրավիճակում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ որպես «պետական լիազոր մարմնի ղեկավար», անձամբ է պատասխանատու ինչպես վկային Ռազմական ոստիկանությունում պահելու, այնպես էլ Արտակ Նազարյանի գործով դատավարության օբյեկտիվությունը խոչընդոտելու և իրականությունը կոծկելու համար», – նշում են հայտարարության հեղինակները:
Հիշեցնենք, որ, համաձայն պաշտոնական վարկածի, Արտակ Նազարյանը ինքնասպան է եղել, մինչդեռ տուժողի ներկայացուցիչները, հենվելով գործում առկա ապացույցների վրա, նշում են, որ Նազարյանին սպանել են: