Սխալ կլինի ենթադրել, որ Իրանում պատերազմը կօգնի Ադրբեջանին Ղարաբաղյան խնդիրը ռազմական ճանապարհով լուծել: Այս մասին vesti.az կայքի հետ զրույցում հայտարարել է Հասարակական պալատի անդամ, տարածաշրջանային «ժամանակակից աշխարհի կրոնի և քաղաքականության հետազոտությունների ռազմավարական կենտրոն» Հ/Կ-ի ղեկավար Մաքսիմ Շևչենկոն:
Նրա խոսքով` եթե Բաքուն նման քայլի գնա, դա շատ լուրջ գործընթացների կհանգեցնի. «Վերջին տարիներին Ադրբեջանի տնտեսական զարգացման դինամիկան մեկ օրում կվերանա: Սա իմ անձնական փորձագիտական կարծիքն է: Բացի դա, Իրանը Ադրբեջանին որպես թշնամի պետություն չի ընկալում: Իհարկե, որոշակի զգուշավորություն կա իր հյուսիսային հարևանի նկատմամբ, սակայն դա թշնամանք չէ»:
Շևչենկոն բացառել է ռազմական ճանապարհով խնդրի լուծումը: «Իսկ եթե Ադրբեջանը ամեն դեպքում որոշի ռազմական ճանապարհով հարցը լուծել, ապա այն կասոցացվի ՆԱՏՕ-ի և Իսրայելի հետ: Համապատասխան վերաբերմունք երկրի նկատմամբ կլինի նաև նրանց կողմից, ովքեր այսօր հանդես են գալիս Արևմուտքի և Իսրայելի քննադատությամբ»,- ասել է նա:
Միևնույն ժամանակ, Մոսկվան, ըստ լրագրողի, կողմ է հանդես գալիս Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ երկխոսությանը: «Ադրբեջանցիները պետք է վերադառնան այն վայրեր, որտեղից արտաքսվել են`Հայաստան և Լեռնային Ղարաբաղ: Իսկ հայերը, համապատասխանաբար, պետք է վերադառնան Բաքու, Սումգայիթ և Ադրբեջանի այլ շրջաններ: Ես չեմ ասում, որ մարդիկ անպայմանորեն կվերադառնան: Բայց նման հնարավորության մասին հայտարարելն անհրաժեշտ է: Սխալ է, երբ մարդ հայկական ազգանունով չի կարող Ադրբեջան մտնել, իսկ ադրբեջանական ազգանունով մեկը` Հայաստան:
Ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի Ադրբեջանի, Հայաստանի և տարածաշրջանի այլ երկրների կողմից: Միաժամանակ անհրաժեշտ է քննարկել Լեռնային Ղարաբաղում հանրաքվեի անցկացման հնարավորությունը, բայց միայն այն ժամանակ, երբ այնտեղ վերադառնան այն մարդիկ, ովքեր ժամանակին վտարվել են այնտեղից: Առանց ժամանակին Ղարաբաղի բնակիչ համարվող ադրբեջանցիների կամքը հաշվի առնելու,ոչ մի ձևով չի կարող նրա կարգավիճակը որոշել: Ամեն դեպքում անհրաժեշտ է ձերբազատվել ատելության այդ ֆոնից և փորձել երկու ազգերով ելք գտնել ստեծված իրավիճակից»,- հայտարարել է Շևչենկոն: