Երևանում ռուսաստանյան ֆիլմերի երկրորդ փառատոնն ավելի հագեցած և ավելի առարկայական էր նախևառաջ այն պատճառով, որ Հայաստան էին ժամանել այնպիսի դերասաններ և ռեժիսորներ, որոնք մարմնավորում են լուսավոր, դասական, ռուսական կինոն: Epress.am-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովը:
Միջոցառումն արդեն երկրորդ տարին է` կազմակերպվում է Ռուսաստանի Կինոգործիչների միության և երկու երկրների Մշակույթի նախարարությունների նախաձեռնությամբ: Նշենք, որ այս տարի Երևանում Ռուսական ֆիլմերի փառատոնի շրջանակներում ներկայացված էին տարբեր ժանրերի ֆիլմեր` «Տղամարդկային կանացի խաղ» ընտանեկան կատակերգությունը, ռեժ. Մ.Մախանկո, «Կայսրության աստղը» պատմական դրաման, ռեժ. Ե. Սոկոլով, «Յունկերները» պատմական դրաման, ռեժ. Ի.Չերնիցկի, «Իմ հայր Բարիշնիկովը» մելոդրաման, ռեժիսորներ Դ. Պովոլոցկի, Մ. Դրուգոյ, «Չեմ ասի» մելոդրաման, ռեժ. Ի.Կոպիլով:
«Ցավոք սրտի, Հայաստանում բավականաչափ քանակությամբ կինոթատրոններ չկան, ընդամենը երկուսն են: Իսկ Երևանից բացի այլ քաղաքաներում ընդհանրապես չկան: Իրավիճակից դուրս ենք գալիս կողմնակի աջակցությամբ` բուհերի և դպրոցների դահլիճներում, լսարաններում դիտումներ կազմակերպելով:
Կրիվոպուսկովի խոսքով` ամենակարևորը ՌԴ կինոգործիչների միության քարտուղար Սերգեյ Նովոժիլովի հետ պայմանավորվածությունն է: «Պայմանավորվել ենք, որ 2012 թվականին Կինոգործիչների միությունը ավելի ակտիվ մասնակցի Հայաստանում անցկացվող «Ոսկե Ծիրան» և այլ կինոփառատոններին»:
Նախատեսվոմ է ռուսաստանյան կինոյին նվիրել նաև ռուսաց լեզվի օրերի 5-րդ օրը:
Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության ղեկավարի կարծիքով` դա թույլ կտա ֆիլմերը ավելի լայն լսարանին ներկայացնել, ինչպես, օրինակ, զորամասերում:
«Իհարկե, մենք չենք մոռանա նաև Ռուսաստանյան ռազմակայանի զինվորներին, սահմանապահներին: Սահմանի մոտ միասին ծառայում են ռուսաստանցի և հայաստանցի սահմանապահները, այնպես որ, այստեղ խնդիր չկա: Եվ, իհարկե, սպաների և Հայաստանի զինված ուժերի անձնակազմի համար, որովհետև մենք գիտենք, որ նրանք տիրապետում են ռուսերենին: Մենք միասին ենք ապահովում մեր երկրների և ժողովուրդների անվտանգությունը, երկուսս էլ ՀԱՊԿ-ի և ՕԱՀՈՒ (Օպերատիվ արձագանքման համատեղ ուժեր) անդամ ենք, իսկ դա նշանակում է, որ ռուսաց լեզուն ԱՊՀ երկրներում հասանելի է որպես միջպետական շփման լեզու: Եվ ես հույս ունեմ, որ ֆիլմերը կնպաստեն մեր զինակից ընկերների շրջանում ռուսերենի ամրապնդմանը»,- եզրափակել է Կրիվոպուսկովը: