Ծագումով ալժիրցի ռեժիսոր Յասմինա Ադին 1961 թվականի Ալժիրի բռնաճնշումների վերաբերյալ արխիվացված փաստաթղթերն ուսումնասիրելու թույլտվություն ստանալուց և արխիվներում հետազոտություն կատարելուց հետո ժամանակակից Ֆրանսիայի պատմության վերջին ամենահակասական իրադարձություններից մեկի վերաբերյալ նոր նյութեր է բացահայտել:
Թուրքական Today’s Zaman-ը Reuters գործակալության հետ համատեղ պատրաստած հոդվածում անդրադարձել է Ֆրանսիայի պատմության մութ էջին` նշելով, որ երբ Ալժիրը անկախության պայքար էր սկսել Ֆրանսիայի դեմ, Փարիզի ոստիկանապետ Մորիս Պապոնը հրամայել էր վերացնել հազարավոր ալժիրցի ցուցարարների, ովքեր 1961 թվականի հոկտեմբերի 17-ին խախտել էին պարեկային ժամը: Ավելի ուշ Սենա գետից հազարավոր մարմիններ էին հանվել:
2007 թվականին մահացած Պապոնը միակ ֆրանսիացի նացիստ պաշտոնյան էր, ով մեղավոր էր ճանաչվել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հրեաներին արտաքսելու մեջ: Ֆրանսիան ընդունում է, որ 1961 թվականին 40 մարդ է զոհվել: Սակայն Ադին պնդում է, որ ըստ իր հետազոտության մահացածների թիվը շատ ավելի մեծ է եղել:
«Պատմության այս ժամանակահատվածը շարունակում է սպիտակ էջ մնալ: Ֆրանսիան չի ճանաչում հոկտեմբերի 17-ը, պատմության դպրոցական դասագրքում այն նշված չէ»,-ասել է Ադին:
Ռեժիսորի խոսքով` դժվար է զոհվածների հստակ թիվ նշել:
«Ոմանք ասում են 100, ոմանք` 200, ոմանք` 400, դա շատ բարդ հարց է: Ոստիկանությունը զոհվածների ցուցակ ունի, բայց այդ ցուցակները արժանահավատ չեն», – ասել է Ադին: «Մենք կարող ենք ասել, որ ավելի քան 1500 մարդ է զոհվել»:
Ռեժիսորը վստահ է, որ Ֆրանսիան պետք է ճանաչի իր պատմության այդ դրվագը, և որ առանց այդ քայլի Սարկոզին բարոյական իրավունք չունի պաշտպանելու Արաբական Գարունը, ինչպես նաև չի կարող Թուրքիային կոչ անել ճանաչել իր անցյալը:
«Սարկոզին մի քանի շաբաթ առաջ ասաց` « Թուրքիան ինչո՞ւ պետք է Եվրոպայում լինի»: Եթե դուք`թուրքերդ ցանակնում եք Եվրոպայի մեջ լինել, պետք է ճանաչեք Հայոց Ցեղասպանությունը: Ուրիշներին դասեր տալու փոխարեն, Ֆրանսիան պետք է նախևառաջ իր սեփական պատմությանն անդրադարձ կատարի», – ասել է նա: