Ղազախստանի Ժանաոզեն քաղաքում երկրի անկախության 20-ամյակին նվիրված տոնակատարությունների օրը` դեկտեմբերի 16-ին բռնկված անկարգությունների հետևանքով զոհվածների թիվը հասել է 14-ի, նրանց թվում մեկ կին կա: Այս պահին հայտնի են զոհվածներից 11-ի անունները: Պաշտոնական տվյալների համաձայն, այժմ իրավիճակը քաղաքում կարգավորվում է:
Միաժամանակ հայտնի է դարձել, որ անկարգությունների ընթացքում տուժել է հայտնի ղազախստանյան բլոգեր Մուրատ Թունգիշբաևը: Նա ծեծի է ենթարկվել իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից, երբ փորձել է տեսանկարահանել անկարգությունները, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: Ուժայինները խլել են նաև բլոգերի անձնագիրը: Դեպքին ականատես լրագրողները միջամտել են, որի շնորհիվ բլոգերն անմիջապես ազատ է արձակվել, սակայն անձնագիրը նրան չեն վերադարձրել:
Լրագրողի խոսքով` իրավիճակը Ժանաոզենում լարված է, բողոքի ակցիայի են դուրս եկել ավելի քան 1000 մարդ, Մանգիստաուսկի շրջանում բոլոր հանքավայրերը դադարեցրել են աշխատանքը:
Իշխանությունների և նավթահանների կարծիքները տարբերվում են զոհերի թվի հարցում: Պաշտոնական տվյալներով, 14 մարդ է զոհվել, 90-ը վիրավորվել են: Իշխանություններն անգամ թույլ են տվել լրագրողներին դիահերձարան այցելել: Սակայն ոչ պաշտոնական տվյալներով զոհերի թիվը հասնում է 30-ի:
Նախագահ Նուրսուլթան Նազարբաևն անկարգությունների հաջորդ օրը ելույթով է հանդես եկել. «Նավթահանների աշխատանքային վեճը չի կարելի խառնել բանդիտական տարրերի գործողությունների հետ, որոնք ցանկանում էին օգտվել իրավիճակից իրենց հանցագործ գաղափարներն իրագործելու համար»:
Մեկ այլ վարկած կա, ըստ որի այս ամենը կարող է և կազմակերպված լինել տեղական իշխանությունների կողմից` ցուցարարներին հակաիրավական գործողությունների դրդելու, իսկ այնուհետև նրանց ձերբակալելու համար:
Հիշեցնենք, որ զանգվածային անկարգությունները դեկտեմբերի 16-ին բռնկվել էին երկրի հարավ-արևմտյան հատվածում` Ժանաոզեն քաղաքի հրապարակում: Այնտեղ արդեն մի քանի ամիս է ցույցեր են անցկացնում «Օզենմունայգազ» նավթային ընկերության աշխատակիցները: Աշխատավարձերը բարձրացնելուց հրաժարվող մենեջերների հետ նրանց տարաձայնությունները սկսվել են դեռևս հունվարին: Մայիսից աշխատակիցները մասնակցում են ցույցերին: