ՀՀ ԱԺ փոխնախագահ. ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն այսօր ամփոփելով քաղաքական տարին` այն որակել է որպես հանդուրժողական և համերաշխության տարի, ինչը, ըստ նրա, իշխանության և ընդդիմության կոռեկտ հանդուրժողականության գործունեության արդյունք էր` ի տարբերություն քաղաքական պայքարի նախորդ շրջանի:
«Այս իմաստով մենք ժողովրդավարության զարգացման առումով առաջընթաց արձանագրեցինք: Դրա մասին խոսեցին ոչ միայն եվրոպացի մեր գործընկերները, այլև արտախորհրդարանական ընդդիմության առաջնորդը: Մենք կարողացանք դրսևորել քաղաքական կամք, որի արդյունքում հնարավոր եղավ երկխոսության միջոցով առհասարակ բոլոր քաղաքական ուժերի հետ իրականացնել տարբեր հարցերի քննարկումներ»,- ասել է Շարմազանովը:
Նրա խոսքով` իշխանությունները արտախորհրդարանական ընդդիմության հետ կարողացան որոշակի հարցեր քննարկել, բայց ինչ-ինչ պատճառներով ընդդիմությունը առկախեց գործընթացը: Շարմազանովը հույս է հայտնել, որ 2012-ի նախընտրական տարին զերծ կլինի անձնական և ոչ կոռեկտ պայքարից, և կլինի միայն քաղաքակիրթ պայքար: