Լեռնային Ղարաբաղի «Եղնիկներ» զորամասի ճաշարանում դեկտեմբերի 14-ին տեղի ունեցած միջադեպի առնչությամբ օրերս ձերբակալված ենթասպա Արմեն Թովմասյանի նկատմամբ դատարանը երկուշաբթի օրը խափանման միջոց է ընտրել երկամսյա կալանավորումը: Նրան առաջադրվել է իշխանությունը չարաշահելու, իշխանազանցության մեղադրանք, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:
Թեև պաշտպանության նախարարության քննչական ծառայությունը ի սկզբանե հաստատել էր այն տեղեկությունները, որ Արմեն Թովմասյանը զինծառայող, շարքային Նարեկ Ավետիսյանի դեմքին հարվածել է երկաթյա շղթայով ու ձեռքով` ջնջխելով նրա աջ ակնագունդը, սակայն այն հոդվածում, որով Թովմասյանին երեկ առաջադրվել է մեղադրանք, մարմնական վնասվածքի մասին որևէ խոսք չկա:
Քրեական օրենսգրքի 375 հոդվածի 1-ին մասը սահմանում է. «Պետի կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը, իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը, ինչպես նաև իշխանության անգործությունը, եթե այդ արարքները կատարվել են շահադիտական, անձնական այլ շահագրգռվածություն կամ խմբակային շահերից ելնելով և եթե դրանք էական վնաս են պատճառել, պատժվում են ազատազրկմամբ 2-5 տարի ժամկետով»:
Նարեկ Ավետիսյանի ծնողները, ովքեր Մալայանի անվան ակնաբուժական կլինիկայում խնամում են աջ աչքից կուրացած 18-ամյա երիտասարդին, խիստ վրդովված են առաջադրված մեղադրանքից:
«Բողոքում եմ, դա համապատասխան չէ նրա արածին», – «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է Ավետիսյանի մայրը:
«Սա շատ քիչ է, ոնց որ հավ մորթած լինի, հավ մորթողի պատիժ է», – ավելացրել է հայրը` Անդրանիկ Ավետիսյանը:
«Ոչ մի շահադիտական նպատակով էլ չի եղել, ուղղակի մարդը իրեն հաբռգած է պահում, պատժամիջոց է, ժնջիլը պահի ջեբը, խփի, մարդկանց աչքերը քոռացնի: Առնվազն իրեն 10 տարի պիտի նստացնեն, որ մյուսը տեսնի, վախենա, էլ տենց ղալաթ չանի: Մի օր մեկի աչքն են հանում, վաղը վիզը կպոկեն», – ասել է զինվորի հայրը:
Դեպքը տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ Նարեկ Ավետիսյանը 14 օր դիրքերում մնալուց հետո իջել էր ճաշարան հերթապահության: Ճաշարանի պետ Արմեն Թովմասյանը նրան ինչ-որ հանձնարարություն էր տվել, զինվորը հրաժարվել էր կատարել հանձնարարությունը, որից հետո, նախնական տվյալներով, ճաշարանի պետը շղթայով խփել էր և Ավետիսյանի աչքի պարունակությունը տեղում թափվել էր: Նրան նախ տարել էին Ստեփանակերտի հոսպիտալ, այնուհետեւ տեղափոխել Երևան:
Մալայանի անվան ակնաբուժական կլինիկայի անոթային պաթոլոգիայի բաժնի վարիչ Գեորգի Գրիգորյանը ավելի վաղ Epress.am-ի հետ զրույցում ասել էր, որ զինծառայողի աչքը հնարավոր չի եղել պահել, որովհետև «այնտեղ աչք արդեն չկար», հարվածը եղել է շատ ուժեղ: Բժիշկները հեռացրել են Ավետիսյանի աչքը` տեղադրելով ժամանակավոր պրոտեզ, որպեսզի հետագայում հնարավոր լինի պլաստիկ վիրահատության դիմել և մշտական պրոտեզ տեղադրել: Այն կշարժվի, սակայն բնական է, որ տղան մեկ աչքի տեսողությունից զրկված կլինի ամբողջ կյանքում:
Պաշտպանության նախարարության քննչական ծառայությունից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը ստանալուց հետո հնարավոր է Արմեն Թովմասյանին առաջադրված մեղադրանքի ծավալը փոխվի: