Home / Հայաստան / Ամերիկահային 10 տարի տվեցին ռեկետի և միլիոններ գողանալու համար

Ամերիկահային 10 տարի տվեցին ռեկետի և միլիոններ գողանալու համար

Ամերիկահայ Ռոբերտ Թերջանյանը 10 տարվա ազատազրկման է դատապարտվել Մանհեթենի դաշնային դատարանի կողմից մի շարք զեղծարարություններ իրականացնելու և հանցավոր ճանապարհով միլիոնավոր դոլարների շահույթ ստանալու համար:

Թերջանյանը խոստովանել է, որ հանդիսանում է Միրզոյան-Թերջանյան անվան տակ հայտնի հանցավոր խմբավորման ղեկավարը:

Ըստ դատախազության տվյալների` հանցավոր խումբը 35 մլն դոլար է գողացել Medicare բժշկական ապահովագրական ընկերությունից:

Մանհեթենի դատախազությունը հայտնել է, որ Թերջանյանը գողացել է բժիշկների և հիվանդների անձնական տվյալները` 118 գոյություն չունեցող բժշկական հաստատություններ հիմնելու համար, որոնց միջոցով էլ կեղծ դեղատոմսեր է դուրս գրել` հետագայում ապահովագրական ընկերությունից գումարներ ստանալով:

Նշենք, որ Թերջանյանը մեղադրվում էր նաև հայաստանցի երաժիշտների խմբին ԱՄՆ-ի կեղծ վիզաներ տրամադրելու մեջ:

Թերջանյանը դատավարության ընթացքում նաև խոստովանել է, որ պարբերաբար «դիմել է բռնության և հանցավոր միջոցների», այլ կերպ` ռեկետի, մարդկանցից գումարներ կորզելու նպատակով:

«Ներողություն եմ խնդրում դատարանից և ԱՄՆ-ի կառավարությունից իմ գործողությունների համար», – ասել է Թերջանյանը:

Նշենք, որ Թերջանյանի գլխավորած հանցավոր խումբը հանդիսանում էր անցյալ տարվա հոկտեմբերին ձերբակալված Արմեն Ղազարյանի (Պզո) հանցավոր կազմակերպության մի մաս, որը հարյուր միլիոն դոլարից ավելի էր գողացել Mediacare ապահովագրական ընկերությունից:

Լուսանկարը` AP