Home / Հայաստան / Բանակում խելագարված զինվորի գործով դեռևս ձերբակալվածներ չկան

Բանակում խելագարված զինվորի գործով դեռևս ձերբակալվածներ չկան

Հուլիսին Ասկերանի զորամասերից մեկում խելագարված զինծառայող Հովհաննես Վարդանյանի նկատմամբ կիրառված բռնության վերաբերյալ հարուցված քրեական գործի նախաքննությունն ընթանում է, ձերբակալվածներ դեռևս չկան: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ ՊՆ քննչական ծառայության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Մերի Սարգսյանը:

Հիշեցնենք, որ երիտասարդին խելագարության հասցնելու վերաբերյալ զինվորի հոր՝ Վարդան Վարդանյանի հայտարարությունների առիթով զինվորական դատախազությունը ՀՀ զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանի ցուցումով սեպտեմբերի 6-ին քրեական գործ էր հարուցել` ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով՝ «իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը»:

Հովհաննես Վարդանյանն Ասկերանից տեղափոխվել էր «Հոգեբուժական բժշկական կենտրոն»-ի «Նորք» հոգեբուժական կլինիկա, որտեղ քսանչորս օր բուժումներ ստանալուց հետո տեղափոխվել էր տուն:

Ավելի վաղ Epress.am-ի զրույցում Վարդան Վարդանյանի նշել էր, որ հոգեբուժարանից դուրս գրվելուց հետո Հովհաննեսն իրեն համեմատաբար լավ է զգում: Երիտասարդը, բացի տարածքային բժշկի մոտ բուժումներ ստանալուց, բուժման կուրս է անցնում նաև մասնավոր հոգեբույժ-հոգեբանի մոտ: