2010 թվականի հուլիսի 27-ին Տավուշի մարզի «Մեհրաբ» զորամասում զոհված լեյտենանտ Արտակ Նազարյանի գործով այսօր կայացած դատական նիստի ժամանակ մեղադրյալներից մեկի` Հակոբ Մանուկյանի պաշտպան Հրանտ Գևորգյանը ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել դատավոր Սամվել Վարդանյանին:
Ինչպես Epress.am-ի հետ զրույցում հաղորդել է դատական նիստին ներկա Հելսինկյան ասոցիացիայի իրավապաշտպան Արման Վեզիրյանը, Հրանտ Գևորգյանը որպես իր ինքնաբացարկի միջնորդության հիմք նշել է, որ դատավորը անաչառ չէ և հանում է վկաներին տրվող բոլոր կարևոր հարցերը:
Բացի դրանից, Գևորգյանը նաև ընդգծել է, որ դատավորն արգելում է չհետազոտված ապացույցներից հարցեր տալ վկաներին և «պահում է մեղադրողի կողմը»:
Միջնորդությանը միացել է նաև տուժող կողմը և մյուս մեղադրյալների պաշտպանները:
Պաշտպաններից Ալվարդ Մնացականյանը նշել է, որ դատավորը նիստի ժամանակ հուշել է գործով անցնող վկաներից մեկին` Արման Մնացականյանին` «կարող եք ասել, չեմ հիշում»:
Ինքնաբացարկի միջնորրդությունը քննելու համար դատավորը հեռացել է խորհրդակցական սենյակ և միջնորդության որոշումը կհրապարակի վաղվա դատական նիստի ժամանակ, որը կկայանա ժամը 12.00-ին: