Նախկին քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանը (ձերբակալվել էր 2008 թվականի մարտի 1-ից հետո-խմբ.) վստահ է, որ ՀԱԿ-ը հեղափոխության հետ կապ չունի: Այս մասին նա հայտարարել է «168 ժամ» օրաթերթի հետ զրույցում:
«Լևոնը չասա՞ց, որ 100 տարի էլ մնա, այստեղ հեղափոխություն չի լինելու: Եվ ինքն ամեն ինչ անելու է, որ ՀՀ-ում հեղափոխություն չլինի, դրա համար էլ այդքան վստահ դա ասում է: Ինքն ու Սերժ Սարգսյանն ամեն ինչ անելու են, որ 100 տարի Հայաստանում հեղափոխություն չլինի, բայց ես ասում եմ, որ իրենք սխալվում են, որ իրենք հեղափոխության արդյունքում տանուլ են տալու», – հայտարարել է Հարությունյանը:
Անդրադառնալով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հնարավոր դերի մասին հեղափոխության գործում` նախկին քաղբանտարկյալը նշել է, որ նա դեռ խաղի մեջ չէ. «Եվ ինձ թվում է, որ նա նույնիսկ նպաստելու է հեղափոխության իրականացմանը` անկախ իր կամքից: Քոչարյանը Լևոնի նման չի գնալու հանրահավաք անի, եթե նա որոշի գալ, գալու է այնպես, ինչպես մի անգամ եկել է»:
Ըստ Հարությունյանի` Քոչարյանին այս անգամ քաղաքական դաշտ կարող է բերել ՌԴ վարչապետ, ներկայումս առաջիկա նախագահական ընտրությունների թեկնածու Վալդիմիր Պուտինը, սակայն, նա հուսով է, որ այդուհանդերձ նման բան տեղի չի ունենա:
«Հեղափոխությունը մահացու հարված է երեք նախագահների համար: Եվ ես ասում եմ, որ 2013թ. ՀՀ-ում ես կանեմ հեղափոխություն: Հասարակությունը պետք է որոշի` հեղափոխական առաջնո՞րդ է ուզում, թե՞ դատարկ ինտելիգենտիկներ: Եթե ուրիշ լիդեր չի կարողանում ընտրել, ուրեմն` թող այդպես թշվառության մեջ մնա»,-հայտարարել է Շանթ Հարությունյանը: