Հյուսիսկորեական հեռուստատեսությունը ցույց է տվել դեկտեմբերի 17-ին մահացած երկրի առաջնորդ Կիմ Չեն Իրի մարմինը` դրված ապակե դագաղի մեջ: Առաջնորդի հուղարկավորության արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 28-ին:
Պետական հեռուստաալիքով ցուցադրել են նաև`ինչպես են ԿԺԴՀ-ի առաջնորդի դագաղին մոտենում նրա որդիներն ու այլ բարձրաստիճան պաշտոնյաներ` հարգանքի տուրք մատուցելու համար:
Կիմ Չեն Իրի մարմինը դրված է Պխենյանի Կիմսուսենսկ հուշահամալիրում: Նրա մարմինը պահվելու է դամբարանում:
Մինչ ողջ Հյուսիսային Կորեան սգում է առաջնորդի կորուստը, արևմտյան ԶԼՄ-ները փորձում են կանխատեսել Կիմ Չեն Իրի մահով պայմանավորված քաղաքական զարգացումները: ԱՄՆ-ի որոշ քաղաքական գործիչներ արդեն իսկ իրենց պատրաստակամությունն են հայտնել օգնել Հարավային և Հյուսիսային Կորեաների ժողովուրդներին պահը օգտագործելու և վերամիավորվելու հարցում:
Միաժամանակ ամերիկացի հանրապետական սենատոր Ջոն ՄաքՔեյնը հայտարարել է, որ աշխարհն ավելի լավն է դարձել առանց Կիմ Չեն Իրի: Իսկ մեկ այլ սենատոր` Կիմ Ռոմնին, առաջարկել է օգտագործել նրա մահը երկրում ռեժիմը փոփոխելու համար:
ՄաքՔեյնը հիշեցրել է, որ ավելի քան 60 տարի ԿԺԴՀ-ի ժողովուրդն ապրում է ամենադաժան բռնապետական ռեժիմի պայմաններում. «Ես միայն իմ գոհունակությունը կարող եմ հայտնել, որ «Սիրելի ղեկավարը» դժոխքում միացել է այնպիսի առաջնորդներին, ինչպիսիք են Քադաֆին, բեն Լադենը, Հիտլերը և Ստալինը»,-ասել է հանրապետական սենատորը:
Նշենք, որ Կիմ Չեն Իրից հետո իշխանությունն անցել է նրա կրտսեր որդու`28-ամյա Կիմ Չեն Ինի ձեռքը, թեև նա երկու ավագ եղբայրներ ունի: Իշխանությունը հենց կրտսեր որդուն փոխանցելու Կիմ Չեն Իրի որոշումը, ըստ ԶԼՄ-ների, պայմանավորված է նրանով, որ հյուսիսկորեական առաջնորդը ավագ որդուն չափից շատ արևմտամետ էր համարում, իսկ միջնեկ որդուն` կանացի, քանի որ վերջինս տառապում է այնպիսի հիվանդությամբ, որի ժամանակ կանացի հորմոններ են արտադրվում: