Հոլանդական Proefkonijnen (Ծովախոզուկներ) հեռուստաշոուի հաղորդավարներ Դենիս Սթորմը և Վալերիո Զենոն եթերում միմյանց մարմնից մի կտոր միս են համտեսել: Երկու հեռուստահաղորդավարներն էլ եթերից առաջ փոքրիկ վիրահատության են ենթարկվել: Վիրաբույժները մի կտոր միս կտրել են Սթորմի հետույքից և մի կտոր էլ Զենոնի որովայնից: Դրանից հետո միսը մանրակրկիտ կերպով տապակվել է, և հաղորդավարները կերել են այն տաղավարում: The Daily Mail-ի փոխանցմամբ` Սթորմը և Զենոն հայտարարել են, որ «մարդկային մսի մեջ» ոչ մի տարօրինակ բան չկա, թեև հրաժարվել են նկարագրել մսի համը:
Դենիս Սթորմը, այդուհանդերձ, ընդունել է, որ տարօրինակ զգացումներ ուներ, երբ նայում էր գործընկերոջ աչքերի մեջ`միաժամանակ ծամելով նրա միսը:
Հեռուստահաղորդավարները հայտարարել են, որ իրենց գործողություններում ոչ մի հակաօրենսդրական բան չկա, քանի որ նրանք ինքնակամ են գնացել «մարդակերության փորձին»: Հաղորդմանը հրավիրված փաստաբանը սակայն նշել է, որ հաղորդավարներն ու վիրաբույժները կարող են խնդիրներ ունենալ օրենքի հետ, քանի որ առանց բժշկական անհրաժեշտության մարդու մարմնից հատված կտրելը Նիդերլանդներում արգելված է: