Այսօր ՀՀ վերաքննիչ դատարանում քննվել է 2010 թ. հոկտեմբերի 1-ին կնոջը` 20-ամյա Զարուհի Պետրոսյանին մահացու վնասվածքներ պատճառելու համար առաջին ատյանի կողմից 10 տարվա ազատազրկված դատապարտված Յանիս Սարկիսովի փաստաբանի ներկայացրած վերաքննիչ բողոքը:
Սարկիսովը պաշտպան Ժորա Հարությունյանը կարծում է, որ իր պաշտպանյալի նկատմամբ կայացրած դատավճիռն ակնհայտ անհիմն է: Իր բողոքում նա խնդրում է, որպեսզի այդ վճիռը բեկանվի և իր պաշտպանյալը արդարացվի, կամ գործն ուղարկվի նոր քննության:
Ժորա Հարությունյանը պնդում է, որ իր պաշտպանյալը չի ծեծել կնոջը և նրան չի գլորել աստիճաններից, ինչպես նշված է գործում, այլ Զարուհի Պետրոսյանը թույն է խմել, և իբր մի քանի գրություններ է թողել, որոնցում գրել է, որ զղջում է ինչ-որ արարքների համար և չի ցանկանում ապրել:
Սարկիսովը դատավոր Սևակ Համբարձումյանի այն հարցին, թե արդյոք ինքը ծեծել է կնոջը, բացասական պատասխան է տվել, և ասել է, որ կինը վնասվածքները ստացել է, իր խոսքով, «փիլաքյաններից ընկնելու» հետևանքով: Ամուսնու խոսքով` Զարուհին մահանալուց առաջ ասել է իրեն, որ թույն է խմել: Երբ դատավորը հարցրել է, թե արդյոք նա կնոջը խանդել է, Սարկիսովը դրական պատասխան է տվել:
Նշենք, որ համաձայն նախաքննության վարկածներից մեկի, Սարկիսովը խանդել է կնոջը և, դա էլ դարձել է ծեծի պատճառ, որի հետևանքով կինը մահացել է:
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Գոռ Մարգարյանը նշել է, որ բոլոր վկաների ցուցմունքերով հաստատվել է, որ Սարկիսովը պարբերաբար է ծեծի ենթարկել իր կնոջը: Մարգարյանն ասել է, որ Հարությունյանի միջնորդությունը անհիմն է և ենթակա է մերժման:
Մեղադրող դատախազ Տիգրան Սարգսյանը ևս ասել է, որ այդ միջնորդությունը ենթակա է մերժման անհիմն լինելու պատճառով:
Սարկիսովի պաշտպանը տուժող կողմի ներկայացրած պատասխանին ծանոթանալու համար միջնորդել է իրեն ժամանակ տրամադրել: Դատավորը բավարարել է միջնորդությունը:
Հաջորդ դատական նիստը կկայանա դեկտեմբերի 27-ին, ժամը 14.00-ին: