Ռուսաստանի իշխանամետ շարժումները Միացյալ գործողությունների շտաբ կստեղծեն` ի պաշտպանություն ՌԴ նախագահական ընտրությունների թեկնածու Վլադիմիր Պուտինի: Այս մասին ասված է Lenta.ru կայքին ուղարկված մամլո հաղորդագրության մեջ:
Նոր Շտաբի մեջ են մտնում «Տեղացիներ» (Местные), «Ռուսաստանը երիտասարդ է» (Россия Молодая), «Նոր մարդիկ» (Новые люди) և «Փոփոխությունների խմբավորում» (Группировка Перемен) կազմակերպությունները:
Որպես կարգախոս նրանք ընտրել են «V նշանակում է Vladimir» արտահայտությունը, իսկ որպես խորհրդանիշ` սպիտակ ձեռնոցը: «Սպիտակ ժապավեն, սպիտակ դրոշ, որոնք բոլոր տեսակի անհանդուրժողները նետում են Արևմուտքի առջև: Սպիտակ ձեռնոցը քաղաքական խորհրդանիշ է և պատասխանատվություն Ռուսաստանի ներկայի և ապագայի հանդեպ»,- ասված է հայտարարության մեջ:
«V նշանակում է Vladimir» կարգախոսը վերցված է Ջեյմս Մաքգիգի «V նշանակում է Վենդետտա (վրեժ)» ֆիլմի վերնագրից: Ֆիլմի գլխավոր հերոս V-ն պայքար է տանում Մեծ Բրիտանիան զավթած բռնապետական ռեժիմի դեմ: Իր դեմքը բոլորից թաքցնելով միջնադարյան անգլիացի հեղափոխական Գայ Ֆոքսի դիմակի տակ` հերոսը պայքարում է ազատության համար: Ֆիլմն ավարտվում է խորհրդարանի շենքի պայթյունով և բռնապետական ռեժիմի փլուզմամբ: