Home / Հայաստան / ԱՄՆ Կոնգրեսը հաստատեց Հայաստանին 2012-ին տրամադրվելիք օգնության չափը

ԱՄՆ Կոնգրեսը հաստատեց Հայաստանին 2012-ին տրամադրվելիք օգնության չափը

Անցած հանգստայն օրերին ԱՄՆ Կոնգրեսի Ստորին պալատն ու Սենատն ավարտել են արտաքին հարաբերությունների վերաբերյալ 2012 ֆինանսական տարվա մասին օրինագծի քննարկումը` հաստատելով Հայաստանին 40 մլն դոլարի օգնության տրամադրումը, միաժամանակ պահպանելով Լեռնային Ղարաբաղի ֆինանսավորման ներկայիս ծավալները: Պատգամավորները կոչ են արել նախագահ Օբամային նաև հավասար ռազմական օգնություն տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին, հաղորդում է Ամերիկայի Հայ Ազգային Կոմիտեն:

ԱՄՆ-ի կողմից հարավկովկասյան երկրներին տրամադրվող օգնության շրջանակներում Կոնգրեսը հաստատել է նախագահ Օբամայի կողմից տնտեսական աջակցության առաջարկված ծավալները, այդ թվում` 40 մլն դոլար Հայաստանի, 16,6 մլն դոլար Ադրբեջանի և 66 մլն դոլար Վրաստանի համար:

Ինչ վերաբերում է ռազմական օգնության ծավալներին, ապա ԱՄՆ նախագահ Օբամայի առաջարկած կետերից մեկի համաձայն, Ադրբեջանը 450 հազար դոլարով ավելի պետք է ստանար, քան Հայաստանը: Կոնգրեսականները առաջարկել են հավասար չափով օգնություն տրամադրել երկու երկրներին: Ռազմական օգնության մյուս կետերի համաձայն, օգնությունը հավասարաչափ է լինելու:

Կոնգրեսը նաև համաձայնել է հաստատել Լեռնային Ղարաբաղի աջակցության ծրագիրը «նախորդ տարիների ոլորտներում և հակամարտության վերաբերյալ ընթացիկ կարիքների ապահովման համար»` միաժամանակ կոչ անելով հիմնախնդրի կարգավորման խաղաղ տարբերակ գտնել:

ԱՄՆ օգնության ծավալները Ղարաբաղում եղել են մոտավորապես տարեկան 2 մլն դոլար: