Ադրբեջանական ընդդիմության ներկայացուցիչները հետևում են աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին, ոչ թե հենվում են իրենց ազգի կամքի և աջակցության վրա: Այս մասին Բաքվում հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական և քաղաքական հարցերով բաժնի ղեկավար Ալի Հասանովը:
Նրա խոսքով` Ադրբեջանի հետ ոչ մի կապ չունեն այն իրադարձությունները, որոնք տեղի են ունենում Ղազախստանում, Ռուսաստանում և աշխարհի այլ երկրներում:
«Կարիք չկա զուգահեռներ անցկացնել այլ երկրներում տեղի ունեցող իրադարձությունների և Ադրբեջանյան իրականության միջև: Նրանք, ովքեր ձգտում են ապակայունացնել իրավիճակը, պարտության են դատապարտված: Իշխանությունների և ժողովրդի միջև միասնականություն կա, իսկ իշխանությունների կողմից տարվող քաղաքականությունը իր աջակցությունն է գտնում ժողովրդի շրջանում», – ասել է Հասանովը: