2010 թվականի հուլիսի 27-ին Տավուշի մարզի «Մեհրաբ» զորամասում զոհված լեյտենանտ Արտակ Նազարյանի գործով մեղադրյալներից մեկի` Հակոբ Մանուկյանի պաշտպան Հրանտ Գևորգյանի երեկ դատավորին ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունն այսօր դատավորը մերժել է:
Ինչպես Epress.am-ի հետ զրույցում հաղորդել է դատական նիստին ներկա Հելսինկյան ասոցիացիայի իրավապաշտպան Արման Վեզիրյանը, դրանից հետո դատարանում հարցաքննվել է գործով անցնող վկա Արման Մնացականյանը, որի զորացրման ժամկետն ավարտվել է այս տարվա դեկտեմբերի 4-ին, սակայն նրան դեռևս չեն զորացրում: Իսկ ավելի ուշ ՊՆ-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ Մնացականյանի ծառայության ժամկետը երկարաձգվում է մեկ ամսով: Նշենք նաև, որ այսօր ևս Մնացականյանը դատարան է մտել Ռազմական ոստիկանության աշխատակիցների ուղեկցությամբ:
Մեղադրյալների պաշտպաններ Հրանտ Գևորգյանը և Լևոն Պողոսյանը Մնացականյանին հարցաքննել են 2010 թվականի հուլիսի 19-ին զորամասի ճաշարանում սեղանի շուրջ տեղի ունեցած վիճաբանության վերաբերյալ: Պաշտպանները, մասնավորապես, հարցրել են, թե Արտակ Նազարյանի և նրա գումարտակի տեղակալի, կապիտան Հակոբ Մանուկյանի և հարևան «Լույս» հենակետի ավագ-լեյտենանտ Վահագն Հայրապետյանի միջև տեղի ունեցած վիճաբանության ժամանակ վկան որտե՞ղ է եղել և ինչի՞ համար են նրանք վիճել:
Մնացականյանը սկզբում պատմել է, որ Մանուկյանը Նազարյանին ասել է, թե «հայհոյանքի համար պատասխան ես տալու» և հարվածել է նրան, որից հետո Նազարյանին հարվածել է նաև Հայրապետյանը: Դրան հաջորդել է Նազարյանի կողմից հնչեցված ևս մեկ հայհոյանք: Ի դեպ, Մնացականյանը սկզբում ասել է, որ ինքը սեղանից մեկ մետր հեռավորության վրա է եղել: Այն հարցին, թե այդ դեպքում ինչպե՞ս է Արտակ Նազարյանը հայտնվել սենյակի անկյունում և նրա քթից սկսել է արյուն հոսել, Մնացականյանը պատասխանել է, որ ինքը չգիտի:
Բացի դա, Մնացականյանը հարցերի մեծ մասին կամ պատասխանել է` «չեմ հիշում», կամ ընդհանրապես չի պատասխանել:
Դատական նիստի ժամանակ դատավորը հրապարակել է մի փաստաթուղթ, որը ներկայացվել է ՀՀ ՊՆ Քննչական վարչությունից: Համաձայն այդ փաստաթղթի, վարչությունը տեղեկացրել է, որ շուտով վկայի զորացրվելու ժամանակն է և դրանից հետո Ռազմական ոստիկանությունն այլևս չի կարողանա պահպանել նրա անվտանգությունը:
Փաստաթուղթն ընթերցելուց հետո դատավոր Մարդանյանը վկային հարցրել է, թե արդյոք նա միջնորդու՞մ է, որ հետագայում իր նկատմամբ պաշտպանության միջոց կիրառեն, Մնացականյանը տվել է դրական պատասխան: Կողմերը թեև չեն առարկել միջնորդությանը, սակայն տուժողի իրավահաջորդի պաշտպան Մուշեղ Շուշանյանն ասել է, որ վկան ոչ մի հիմնավորում չի ներկայացնում, որ իրեն ահաբեկում են և իր անվտանգությունը պաշտպանելու անհրաժեշտություն կա: Դրանից հետո դատավորը բավարարել է վկայի միջնորդությունը և ասել է, որ ինքը համապատասխան նամակ կուղարկի ոստիկանություն, որպեսզի հետագայում Մնացականյանի անվտանգությունն ապահովի ոստիկանությունը:
Այս միջնորդության վերաբերյալ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռուբեն Մարտիրոսյանն էլ ռեպլիկի կարգով ընդգծել է, որ ինքը դեմ չէ այդ միջնորդությանը և բացատրել` ինչու.
«Այդ պաշտպանությունը պետք է, որպեսզի խեղճ երեխային պաշտպանեն դատախազությունից և զինվորական ոստիկանությունից»:
Հաջորդ դատական նիստը կկայանա 2012թ. տարվա հունվարի 17-ին, ժամը 12.00-ին: