Դեկտեմբերի 19-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկի կենտրոնական հրապարակում հակալուկաշենկոյական «ԿԳԲատկա» բողոքի ակցիայից հետո կորած FEMEN կանանց շարժման ակտիվիստներից մեկը`Իննա Շևչենկոն երեկ երեկոյան կարողացել է կապ հաստատել իր կազմակերպության անդամների հետ, հայտնում է FEMEN-ի LiveJournal-ի էջը:
Շևչենկոն պատմել է, որ ավելի վաղ ոստիկանությունը և ԿԳԲ-ականները ձերբակալել են իրենց, կապել աչքերը, ավտոբուսով տարել անտառ: Այնտեղ նրանք աղջիկների վրա վառելանյութ են լցրել և ստիպել մերկանալ` հակառակ դեպքում սպառնալով հրդեհել նրանց, սպառնացել են նաև դանակով, որով ավելի ուշ կտրել են աղջիկների մազերը: Այդ ողջ ընթացքը ԿԳԲ-ականները նկարահանել են տեսախցիկով, ավելի ուշ նրանց մերկ վիճակում թողել են անտառում առանց փաստաթղթերի: Աղջիկներն այդ վիճակում ոտքով հասել են Ելսկի շրջանի Բեկի գյուղ:
Ավելի ուշ դիվանագետներն ու լրագրողները ժամանել են Բեկի, որտեղ գտել են FEMEN-ի ակտիվիստներին: Դեռևս հստակ տեղեկություններ չկան աղջիկների առողջական վիճակի մասին:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 19-ին Մինսկում կայացած FEMEN-ի ակցիայի ընթացքում ձերբակալվել էին բոլոր ներկա լրագրողները և շարժման ակտիվիստները:
Ակցիայի ժամանակ FEMEN-ի աղջիկները մերկացել էին Մինսկի ԿԳԲ-ի գլխավոր շտաբի մոտ: Աղջիկներից մեկին նմանեցրել էին Լուկաշենկոյին: Ակտիվիստները ձեռքներում պահում էին «Ազատություն քաղբանտարկյալներին» կարգախոսով պաստառներ: Իրենց օրինակով FEMEN-ը կոչ էր արել բելառուսցիներին չվախենալ Լուկաշենկոյից և որոշիչ հարված հասցնել «ԿԳԲատկայի» ռեժիմին: