Երեքշաբթի hազարավոր մարդիկ կրկին դուրս են եկել Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի փողոցներ`բողոքելու Թահրիր հրապարակում տեղի ունեցած բախումների ժամանակ զինվորական ուժերի կողմից կին ցուցարարներին բռնության և ծեծի ենթարկելու դեմ:
Կին ակտիվիստները երեքշաբթի ցույց են կազմակերպել կանանց վրա իրագործվող հարձակումները դատապարտելու և ցուցարարների հանդեպ բռնություններն անմիջապես դադարեցնելու պահանջով:
Նշենք, որ ակցիան տեղի է ունեցել մայրաքաղաք Կահիրեյում անցկացվող բողոքի ակցիաների 6-րդ օրը: 5 օրերի ընթացքում բախումների հետևանքով 14 մարդ է զոհվել, ավելի քան 900-ը վիրավորվել են:
Բողոքի ալիքը բարձրացավ հատկապես այն բանից հետո, երբ համացանցում մի տեսանյութ տարածվեց, որում եգիպտացի ուժայինները դաժան ծեծի են ենթարկում երկու ցուցարար կանանց:
Փետրվարին պաշտոնանկ արված նախագահ Հոսնի Մուբարաքից հետո երկիրը ղեկավարող գեներալ Ադել Էմարան երկուշաբթի տեսանյութերի վերաբերյալ հայտարարել է, որ ցուցարար կանանց վրա իրականացված հարձակումը ընդամենը մասնակի միջադեպ է, և այժմ հետաքննություն է ընթանում:
Սակայն կանայք հայտարարում են, որ չեն պատրաստվում հանդուրժել իրենց հանդեպ գործադրվող բռնությունները և շարունակելու են պայքարը: