2011 թվականը Հայ Ազգային Կոնգրեսի համար ամենաարդյուանվետ և ամենաակտիվ տարին էր: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը` ամփոփելով քաղաքական տարին:
Նա նշել է, որ այս տարի Կոնգրեսը անցկացրել է 22 համապետական հանրային միջոցառում:
«Սա միայն աննպատակ ակտիվություն չէր, ես կարծում եմ, որ մենք բավական լուրջ արդյուքների ենք հասել: Ամբողջությամբ կարելի է վերականգնված համարել ազատ հավաքների իրավունքը: Հայաստանում այլևս Ազատության հրապարակը բաց է քաղաքական ակտիվության համար, ընդ որում` ոչ միայն Հայ Ազգային Կոնգրեսի, այլ բոլոր քաղաքական ուժերի: Այսուհետ ապօրինի արգելքները հեռացված են, բոլոր տեսակի հրապարակային միջոցառումների համար: Սա կարևոր նվաճում է, որը ձեռք է բերվել իշխանությունների կատաղի դիմադրության պայմաններում»,- ասել է Զուրաբյանը:
Զուրաբյանն էլ ավելի կարևոր նվաճում է համարել այն, որ Կոնգրեսը կարողացել է պարտադրել իշխանություններին բաց թողնել բոլոր քաղբանտարկյալներին առանց պայմանների:
ՀԱԿ համակարգողը կարևորել է նաև այն փաստը, որ Շարժումն իշխանության հետ երկխոսության շրջանակներում հրապարակավ ներկայացրել է Սերժ Սարգսյանի և խորհրդարանի ոչ լեգիտիմության հիմնավորումները, որը դարձել է կարևոր իրադարձություն:
Զուրաբյանի կարծիքով` նշանակալի է եղել «ժողովրդի կողմից հանրահավաքում ընդունված Սերժ Սարգսյանի հեռացման իրավաքաղաքական հիմքերի հռչակագիրը»:
«Այսուհանդերձ, մնաց մի կարևոր իրավունք, որը մինչև հիմա չենք կարողացել վերականգնել, դա սեփական իշխանություն ընտրելու իրավունքն է: Երկխոսությունը, որ ծավալվեց, հենց դրան էր ուղղված, և այն ինչը պետք է դառնար 2011 թվականի ամենամեծ նվաճումը, ընդ որում` սա կլիներ նվաճում անխտիր բոլորի համար` և’ ընդդիմության, և’ իշխանությունների, և’ մեր պետության, և’ առաջին հերթին մեր ժողովրդի և հասարակության համար, դարձավ տարվա ամենամեծ ձախողումը», – ասել է Զուրաբյանը և հավելել, որ այդ ձախողման համար միանշանակ պատասխանատու է իշխանությունը, որովհետև նրանք պետք է հասկանան, որ առանց զիջումների երկխոսություն չի լինում: