«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա» նախաձեռնությունը պահանջում է, որ Սյունիքի մարզի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն անմիջապես հեռացվի իր պաշտոնից` կնոջ նկատմամբ բռնություն կիրառելու համար:
«Նոյեմբերին Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում գործարար Սիլվա Համբարձումյանին ապտակելը մեր կառավարության կողմից ոչ մի արձագանք չստացավ: Եվ վերջերս, իր Քաջարան կատարած այցի ժամանակ, Սուրիկ Խաչատրյանը սպառնացել է բնապահպան ակտիվիստ Մարիամ Սուխուդյանին: Սա անընդունելի է ցանկացած քաղաքակիրթ հասարակությունում: Երբ տղամարդը, հատկապես կառավարության ներկայացուցիչը ցուցաբերում է նման բռնի վարք և կառավարությունը առնվազն չի դատապարտում այն կամ պատժում, այն հանդիսանում է պատճառ բոլորի համար, որ կանանց նկատմամբ բռնությունը մատնված է ամենաթողության և ընդունված երևույթ է Հայաստանում», – նշված է նախաձեռնության տարածած հաղորդագրության մեջ:
Կոալիցիան նշում է նաև, որ այսպիսի գործողությունները ամրապնդում են բռնության մշակույթը և խրախուսում կանանց նկատմամբ բռնությունը, ինչը լայնորեն տարածված է հայկական ընտանիքներում:
«Մենք պահանջում ենք, որ մարզպետը պաշտոնազրկվի նման ոչ քաղաքակիրթ վարքի համար», – եզրափակում են հայտարարության հեղինակները` առաջարկելով մարզպետի պաշտոնազրկման համար ստորագրել հետևյալ կայքում` http://www.change.org/petitions/-117:
Նշենք, որ Երեկ ուշ երեկոյան բացված էջում 11:30-ի դրությամբ պաշտոնանկության համար արդեն իսկ 98 մարդ է ստորագրել:
Հիշեցնենք, որ երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ բնապահպան ակտիվիստ Եղիա Ներսիսյանը հայտնել է, որ Խաչատրյանը Սուխուդյանին սպառնացել է, թե «զգույշ եղիր, հանկարծ հետդ վատ բան չպատահի»: