Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) նախատոնական օրերին մոնիտորինգ է անցկացրել սննդամթերքի շուկայում, որի արդյունքում պարզվել է, որ գներն էական փոփոխություններ չեն կրել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՏՄՊՊՀ-ի նախագահ Արտակ Շաբոյանը:
«ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրություններ է անցկացնում շուկայում գերիշխող դիրք ունեցող ընկերությունների շրջանում և հսկում՝ «Երևան Սիթի», «Նոր Զովք», «Սթար», «ՍԱՍ», «Ֆրեշ» խոշոր սուպերմարկետների գնային քաղաքականությունը: Մենք հրավիրել ենք բոլորին ու զգուշացրել՝ այս օրերին հնարավորինս խուսափել խախտումներից», – ասել է Շաբոյանը:
Լրագրողները նշել են, որ, այնուամենայնիվ, թանկացումներ եղել են, մասնավորապես, օրինակ բերելով ձվի գինը, որը 60-ից դարձել է 65 դրամ, այսինքն` թանակցել է մոտ 10 տոկոսով:
Շաբոյանի խոսքով` մեկ հատ ձուն արժե ոչ թե 65, այլ 62 դրամ, և դա էական թանկացում համարել չի կարելի: Նա ևս մեկ անգամ պնդել է, որ խոսքը գնում է նկատելի, էական թանկացումների մասին, ինչը Հանձնաժողովը չի արձանագրել: