Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում և Ուտոյա կղզում կրկնակի ահաբեկչություն իրականացրած Անդերս Բերինգ Բրեյվիկի գործով բժշկական հանձնաժողովի անդամները հայտարարել են ահաբեկչի հոգեբանական եզրակացության վերանայման ցանկության մասին: Հիշեցնենք, որ հոգեբանական եզրակացության արդյունքները հայտարարվել էին նոյեմբերի 29-ին:
Երկու անկախ դատական փորձագետներ մի քանի ամիս շարունակ տարբեր թեստեր են անցկացրել 77 մարդու մահվան պատասխանատու ամբաստանյալի հետ:
Բրեյվիկը անմեղսունակ էր ճանաչվել:
Բացի դրանից, հոգեբույժները հաստատել էին, որ ահաբեկիչը պարանոիդալ շիզոֆրենիայով է տառապում և իրականությունը ադեկվատ չի ընկալում:
«Մեզ մոտ տարաձայնություններ են առաջացել առ այն` արդյոք կարելի է Անդերս Բրեյվիկին հոգեկան հիվանդ համարել»,- պատմել է խորհրդի անդամներից մեկը:
Հանձնաժողովի որոշ անդամներ կարծում են, որ շտապել են իրենց եզրակացություններում, համաձայն որոնց նա պետք է հարկադրական բուժում անցնի` կալանավորման փոխարեն:
Փորձագետները միաժամանակ դժգոհ են այն փաստից, որ Բրեյվիկի գաղափարական հայացքները չեն մտել հոգեբանական նկարագրի վերջնական եզրակացության մեջ:
Հանձնաժողովը մտադիր է իր եզրակացություններն ավարտել դեկտեմբերի վերջին, որից հետո, հնարավոր է, նոր փորձաքննություն նշանակվի:
Եթե Բրեյվիկի ախտորոշումը հաստատվի, ըստ օրենքի, նրան հոգեբուժարան կփոխադրեն: Հանցագործի նկատմամբ դատը նշանակված է 2012 թվականի ապրիլին: