Home / Հայաստան / «Չի հոսանքահարվել». Զոհված զինծառայողի ծնողները հանդիպել են Սեյրան Օհանյանի հետ

«Չի հոսանքահարվել». Զոհված զինծառայողի ծնողները հանդիպել են Սեյրան Օհանյանի հետ

2007 թվականի օգոստոսի 30-ին Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուրի զորամասում սպանված զինծառայող Տիգրան Օհանջանյանի ծնողներն անցած շաբաթ հանդիպել են ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ, ով գործը վարող քննիչին, դատախազին և վարչության պետին մինչև հունվարի 27-ը ժամանակ է տվել, որպեսզի պատասխանեն Օհանջանյանի ծնողների բարձրացրած հարցերին: Այս մասին այսօր Epress.am-ի հետ զրույցում ասել է Օհանջանյանի մայրը` Գոհար Սարգսյանը:

Նախարարի հետ հանդիպմանը Տիգրան Օհանջանյանի ծնողներից բացի, ներկա են գտնվել նաև քննիչ Լևոն Պետրոսյանը, դատախազ Կարեն Հարությունյանը, ՀՀ ՊՆ քննչական վարչության պետ Արմեն Հարությունյանը:

Գոհար Սարգսյանի խոսքով` իրենք հարցրել են հանդիպմանը ներկա պաշտոնյաներից, թե ինչպես է իրենց երեխայի շորը պատառոտված եղել և ինչպես են գոյացել մարմնի վնասվածքները, եթե քննության վարկածի համաձայն, իրենց որդին հոսանքահարվել է ռադիոռելեային կայանի ամրալարերին հպվելով, իսկ երբ փորձագետները ցանկացել են կայանը ուսումնասիրել, այն չեն գտել, և ոչ ոք չի կարող ասել, թե ուր է կայանը: Զոհված զինծառայողի ծնողները լրագրողների հետ զրույցում բազմիցս ասել են, որ հայտնի չէ նաև, թե կոնկրետ որ վայրում է տեղի ունեցել դեպքը:

Սարգսյանը նշել է, որ քրեական գործում առկա լուսանկարները, որոնց վրա պատկերված է Տիգրան Օհանջանյանը` մահացած վիճակում, ցույց են տվել Սեյրան Օհանյանին: Այդ նկարների վրա մարմնական վնասվածքները երևում են:

«Դատաբժիշկը եզրակացության մեջ չի նկարագրել, չի նշել, ինչն ա պատճառը: Ո՞վ ա զակազը տվել: Հիմա դուք ո՞նց եք պատասխանելու հինգ տարի հետո», – Պաշտպանության նախարարին ասել է Գոհար Սարգսյանը:

Նշենք, որ դեռևս սեպտեմբերին Epress.am-ի հետ զրույցում Տիգրան Օհանջանյանի հայրն ասել էր, որ իրենց որդին չի էլեկտրահարվել, նրա մահվան մեջ մեղավոր է սպայական անձնակազմը:

Նա կարևորել էր այն փաստը, որ, չնայած մինչ այժմ քննությունը չի կարողանում հստակ բացահայտել զինվորի մահվան վայրը, այնուամենայնիվ, գործը վարող դատախազներից և ոչ մեկը չի ցանկանում հարցաքննել ենթադրյալ դեպքի վայրից մոտ 5 մետր հեռավորության վրա տեղակայված թիկնապահների սենյակում այդ ժամանակ գտնվողներին, ովքեր գեներալ-լեյտենանտ, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբ պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանի թիկնապահներն են եղել:

Հիշեցնենք, որ Օհանջանյանի գործով 2010 թվականի հունվարի 13-ին Գեղարքունիքի մարզի 1-ին ատյանի դատարանը վճիռ էր կայացրել, համաձայն որի ապացույցներ չլինելու պատճառով արդարացվել են մեղադրյալներ Ռուստամ Ասատրյանը և Կարեն Թովմասյանը, և նշվել է, որ զինծառայողը մահացել է էլեկտրահարումից:

Դրանից հետո քրեական գործը 366 հոդվածով հետ է ուղարկվել Զինվորական դատախազություն` նոր անձի նկատմամբ նոր քննություն սկսելու համար, սակայն 11 հոգուց ստեղծված հանձնաժողովը մահվան նույն եզրակացությունն է տվել:

Օհանջանյանի ծնողները դիմել են Վերաքննիչ, իսկ այնուհետև Վճռաբեկ դատարան: Երկու ատյաններում էլ վճիռը թողել են անփոփոխ, և գործն ուղարկել են նոր քննության: