2011 թվականին համաշխարհային տնտեսությունում գրանցվել է 4,2-4,7% աճ՝ 4,5% գնաճով. Եվրագոտին տարին կփակի 1% աճով՝ 2% գնաճով, ԱՄՆ-ն տարին կամփոփի 1-15% տնտեսական աճով, Ճապոնիան՝ 2%, Ռուսաստանում կգրանցվի 4 % տնտեսական աճ՝ 8- 8,5% գնաճով, իսկ Հայաստանում կգրանցվի 4% տնտեսական անկում, սակայն ՀՀ կառավարությունը,սովորույթի համաձայն, կարձանագրի 4%-անոց աճ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
«Տասնմեկ ամսում ունեցել ենք 7,9% գնաճ` բյուջեով սահմանված 4%-ի փոխարեն, և ամենակարևորը, որ Հայաստանում աղքատության ցուցանիշը կազմում է 35%, աղքատության գնաճը կազմել է 12,5%», – ասել է Բագրատյանը:
Նրա խոսքով՝ ՀՀ կառավարությունը տարեսկզբին խոստացել էր ապահովել 4%-անոց տնտեսական աճ, մինչդեռ գրանցվեց տնտեսական անկում:
«Հաջորդը բյուջեի կատարման մասին կառավարության խոստումներից մեկն էր: Թեև հույս չունեմ, որ մեր կառավարության գլուխը երբևէ կմտնի, որ չի կարելի դրսից եկած տրանսֆերտը բերել ու ծախսել տնտեսության մեջ, որովհետև այդ դեպքում սփյուռքի տված օգնությունը դառնում է երկիրը չզարգացնելու միակ պրոբլեմը: Չի կարելի օգնությունը դարձնել պրոբլեմ: Նույնիսկ չստերիլիզացնելով դոլլարը` կառավարությունը կստեղծեր պրոբլեմ բյուջեում, և ստացանք: Տասնմեկ ամսում գրանցվել է 103,1%, սակայն չմոռանանք, որ ինֆլյացիան տասը ամսում 4%-ից եղել է 8,5%, այսինքն բյուջեն պարտավոր էր գերակատարվել 4,5%-ով, որպեսզի իրականում բյուջեն կատարված համարեինք», – նշել է նախկին վարչապետը:
Նա դժվարացել է հիշել պետության կողմից իրականացված որևէ արդյունավետ քայլ և որևէ կետ չի նշել: