Հայաստանում արդյունաբերության 10%-անոց աճ գոյություն չունի, այն պայմանավորված է հանքարդյունաբերությամբ, հանքերի վաճառքի հետ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշել է ՀՀ նախկին վարչապետ, ՀԱԿ անդամ Հրանտ Բագրատյանը:
«Եթե այսպիսի գիշատչային ձևով շարունակեն սպառել մեր հարստությունները, տասը տարի անց հանք չենք ունենա», – նշել է Բագրատյանը:
Նախկին վարչապետը նշել է, որ հասարակությունը պետք է բնականոն օգտագործի հանքերը, բայց՝ սահմանված քվոտաներով:
«Ամբողջ խնդիրն այն է, թե այսօրվա սերունդը ինչքան իրավունք ունի օգտվելու այդ հանքերից: Վերջին մի քանի տարում մեր իշխանությունը սպառել է պղինձը թե’ Ղարաբաղում, թե’ Ալավերդիում: Դրել են, ինչքան հանք կա, քանդում են, բա մեր սերունդն ի՞նչ է ուտելու: Մենք արդյունահանում ենք երեք անգամ ավել պղինձ, քան պետք է արդյունահանենք, իսկ պղինձն արդեն սպառվել է, մինչդեռ, հաշվարկի համաձայն, հարյուր տարվա պղինձ ունեինք», -ասել է նա:
Բագրատյանի հավաստմամբ՝ բնապահպանները ճիշտ մոտեցում են որդեգրել` պայքարելով բնության համար: Որպես օրինակ նա նշել է Թռչկանի ջրվեժի համար պայքարը, քանի որ Հայաստանում գոյություն ունեն մի շարք տարածքներ, որտեղ կարելի է ՀԷԿ-եր կառուցել:
«Աշխարհում միակ երկիրն ենք, որտեղ պրեզիդենտի գիտությամբ Շաքիի ջրվեժը միացնում են 3000 դրամի դիմաց: Ասում են` փողը տուր, միացնենք՝ նայի: Աշխարհի քսան լավագույն ջրվեժներից մեկը համարվող Շաքիի ջրվեժը դարձրեցին հիդրոկայան, այն դեպքում, երբ ՀԷԿ-երի համար այնքան տարածքներ ունենք», – ասել է Բագրատյանը:
Որպես օրինակ նա նշել է Շամշադինը, Արծվաբերդը:
«Գնացեք, կառուցեք, ո՞վ է արգելել»,- եզրափակել է Բագրատյանը: