Իսրայելի կառավարությունը չեղյալ է հայտարարել 2009 թվականին Թուրքիայի հետ կնքած հետախուզման համակարգերի վաճառքի մասին պայմանագիրը: Այս որոշումը պայմանավորված է անվտանգության նկատառումներով: Իսրայելը դադարել է վստահել Թուրքիային, որը սերտ կապեր ունի իր համար թշնամական պետությունների հետ, մասնավորապես, Իրանի, հայտնում է «Հաարետցը»:
Այս համաձայնագիրը 140 մլն դոլար էր գնահատվում, իսկ պայմանագրի իրականացմամբ զբաղվում էին IAI և Elbit ընկերությունները: Համապատասխան համակարգերի առաջին բաժնի փոխանցումը Թուրքիային պետք է տեղի ունենար առաջիկա մի քանի ամիսների ընթացքում: Elbit-ի տվյալներով, պայմանագիրը չեղյալ է հայտարարվել քաղաքական պատճառներով:
«Այս պահին հնարավոր չէ գնահատել պատճառված վնասի չափը: Նման վնասները կարող են շոշափելի ֆինանսական ազդեցություն ունենալ ընկերության վրա»,-հայտարարել է Elbit ընկերությունը: Elbit-ը նշել է, որ Պաշտպանության նախարարության հետ քննարկում է հնարավոր փոխհատուցումների հարցը:
Ցանկացած ռազմական սարքավորման կամ պաշտպանական տեխնոլոգիաների արտահանումը Պաշտպանության նախարարության հաստատումը պետք է ստանա: Իսրայելի ՊՆ-ն այս առնչությամբ ընդգծել է. «Մենք թույլ չենք տա, որպեսզի այդքան զարգացած տեխնոլոգիաները հայտնվեն ուրիշների ձեռքերում, այսկերպ համակարգը կարող է թշնամու ձեռքում հայտնվել»:
Փորձագետները ենթադրում են, որ խոսքը Իրանի մասին է:
Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը դեռևս անցյալ տարի մասնավոր զրույցի ժամանակ հայտարարել էր, որ Անկարայի հետախուզության նորանշանակ ղեկավարը «Իրանի ընկերն է», որը կարող է Իսրայելի գաղտնիքները փոխանցել այդ երկրին: Տեղեկատվական արտահոսքի շնորհիվ Բարաքի խոսքերը հայտնվել էին մամուլում:
Նշենք, որ Թուրքիան և Իսրայելը երկար ժամանակ դաշնակիցներ էին հանդիսանում: Իսրայելական ընկերությունները պարբերաբար թուրքական զինված ուժերին ռազմական տարբեր տեխնիկաներ էին վաճառում, այդ թվում` հետախուզական անօդաչու սարքեր: Երկու երկրների հարաբերությունները վատթարացան 2010 թվականին, երբ Իսրայելցի հատուկ ծառայության աշխատակիցները հաձակվել էին Գազայի հատված հումանիտար օգնություն տեղափոխող «Մավի Մարմարա» նավի վրա: