«Քաղաքացիական ազգային նախաձեռնություն» կազմակերպության գրասենյակում «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչները, բնապահպանական և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գործող մի քանի կազմակերպությունների ներկայացուցիչներ փաստաթուղթ են ստորագրել, որն ուղղված է ՀՀ կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ին կայացրած որոշման դեմ:
Ստորագրված փաստաթուղթը ներկայացվելու է ՀՀ կառավարությանը:
Կառավարության որոշման համաձայն, Սյունիքի մարզի Քաջարանի, Արծվանիկի, Սևաքարի, Աճանանի, Չափնիի և Սյունիքի համայքների վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքները բացառիկ գերակա հանրային շահ են ճանաչել և հողերի նպատակային նշանակությունը փոփոխվել է: Հողերը տրամադրվելու են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին:
Փաստաթղթի հեղինակները, մասնավորապես, պահանջում են վերջ տալ Հայաստանի հանքարդյունաբերական կողոպուտին:
«Քաղաքացիական ազգային նախաձեռնության» գրասենյակում փաստաթղթի ստորագրմանը նախորդող քննարկման ժամանակ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը նշել է, որ Քաջարան այցելած ակտիվիստների և բնապահպանների կողմից գյուղացիների շրջանում կատարված իրենց ուսումնասիրությունները ցույց են տվել գյուղացիների դժգոհությունը:
Նրանք, մասնավորապես, ասել են, որ այն հողերը, որոնցից իրենք ստանում են որոշակի եկամուտ` գյուղատնտեսական մթերքների տեսքով, գյուղացիները կորցնելու են, որի դիմաց ստանալու են չնչին գումարներ, եթե նույնիսկ տրվի փոխհատուցում:
Սակայն, Փոստանջյանի խոսքով, հիմնական խնդիրը անգամ փոխհատուցումը չէ, այլ սեփական գյուղից չհեռանալու ցանկությունը: Նշենք, որ Քաջարանի խնդրով զբաղվող ակտիվիստները նշում էին, որ եթե կոմբինատը սկսի օգտագործել հողերը, գյուղացիները չեն կարողանա ապրել տվյալ բնակավայրում` ելնելով բնապահպանական խնդիրներից:
«Ամբողջ քաղաքականությունը այս վերջին օրերի ընթացքում ուղղված էր նրան, որ ցույց տան, թե գյուղացիներին համապատասխան փոխհատուցում չեն ցանկանում տալ, դրա համար նրանք դժգոհում են: Ես կարող եմ ասել` ո’չ, այդպես չէ: Նրանք ցանկանում են մնալ և ապրել իրենց բնակավայրերում: Գյուղացիները քաջ գիտակցում են, որ իրենց սեփականության խնդիրը չի այստեղ, այլ համայնքը լինելու կամ չլինելու խնդիրն է», – ասել է Զարուհի Փոստանջյանը:
Բանախոսներից ՅՈՒՆԵՍԿՈՅԻ «Իկոմոս» հասարակական կազմակերպության անդամ Գագիկ Սուխուդյանն իր խոսքում ասել է, որ սա առաջին դեպքն է, որ բնապահպանական հարցերին միացավ նաև ազգային դեմոգրաֆիկ հարցը:
Սուխուդյանը հասարակությանը սթափության կոչ է արել և առաջարկել է համախմբվել ու կոնսոլիդացնել ուժերն աղետի դեմ: