Նոյեմբերի 28-ին ձերբակալված և երեք օր անց ազատ արձակված Հայ Ազգային Կոնգրեսի բելգիացի ակտիվիստ Լյուկ Վադեվալեն, ում անձնագիրը մինչ օրս չեն վերադարձրել, դիմել է Հայաստանում Բելգիայի հյուպատոսին: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում տեղեկացրել է Վադեվալեի կինը` Գայանե Վարդանյանը:
«Հյուպատոս Բադիրյանն իմ ամուսնուն ասել է, որ Հայաստանի կառավարությունն իրեն ազատություն է տալու և վերադարձնելու է անձնագիրը: Դրանից հետո մեր փաստաբանը դիմել է գործը քննող քննիչին և պահանջել անձնագիրը, քանի որ հունվարի 20-ին Բելգիայում ձեռքի վիրահատության պիտի ենթարկվի: Բացի դրանից, նա Բելգիայում հաշմանդամության կարգ ունի և երկու ամիսը մեկ պարտադիր բուժզննության պետք է ենթարկվի, բայց քանի որ անձնագիր չունի, հնարավորություն չունի օգտվել դրանից»,- ասել է Գայանե Վարդանյանը:
Վերջինս նաև տեղեկացրել է, որ այդ բոլոր փաստաթղթերը իրենց Բելգիայի թագավորությունից ուղարկել են, որը նրանք ներկայացրել են ոստիկանություն, սակայն մինչ օրս նրա անձնագիրը չեն վերադարձրել:
Գայանե Վարդանյանի փոխանցմամբ` Վադեվալեն զանգահարել է նաև Ռուսաստանում Բելգիայի դեսպանատուն, որտեղից նրան հայտնել են, որ նա անձնագիրը պիտի վերցնի և այլևս Հայաստան չվերադառնա:
Հիշեցնենք, որ Լյուկ Վադեվալեին և նրա կնոջը նոյեմբերի 28-ին ոստիկանություն էին տարել իրենց դստեր դպրոցում տեղի ունեցած միջադեպից հետո, որի ժամանակ ընկել էր դպրոցի պատին փակցված Սերժ Սարգսյանի նկարը և կոտրվել էր ապակին:
Այս պահին ամուսինները չեն կարող բացակայել քաղաքից, քանի որ ստորագրել են քաղաքից չբացակայելու փաստաթղթի տակ:
«Փաստորեն, իմ երեք երեխաները, որոնք Բելգիայի քաղաքացիներ են, պատանդ են այստեղ, քանի որ չեն կարող գնալ Բելգիա, որովհետև մենք չենք կարող բացակայել քաղաքից, իսկ առանց մեզ նրանք չեն կարող գնալ այնտեղ»,- նշել է Գայանե Վարդանյանը: