Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի ինքնաթիռը, որը ավիավառելիքավորվելու համար դեկտեմբերի 22-ին վայրէջք է կատարել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում, մի քանի ժամ շարունակ չի կարողացել կրկին օդ բարձրանալ, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը` հղում կատարելով լեհական «tvn» հեռուստաընկերությանը:
Ըստ թերթի` լեհական հեռուստաալիքը պարզաբանել է, որ Երևանում «լռվելու» պատճառը մառախլապատ եղանակն ու սառցակալած թռիչքուղին է եղել: Տուսկի գլխավորած լեհական պատվիրակությունը Երևանում վայրէջք է կատարել Աֆղանստանից հայրենիք վերադառնալու ճանապարհին:
Լեհական հեռուստաընկերության կայքէջում տեղադրված է երկու լուսանկար, որոնցից մեկում ցերեկային ժամի մառախուղի միջից նկատվում է լեհական ինքնաթիռը, իսկ մյուսում` արդեն մթան քողի տակ երևում է ձնապատ թռիչքուղին:
Թերթը հայտնում է, որ նման անբարենպաստ պայմաններում էլ Տուսկը ի վերջո կարգադրել է թռչել Վարշավա:
Ի դեպ, ինչպես նշում է «ՀԺ»-ն, թեև ինքնաթիռը մի քանի ժամ «լռվել է» Երևանում` Տուսկը, որքան հայտնի է, ոչ մի հայաստանյան պաշտոնյայի հետ չի հանդիպել: