Այսօր Իսրայելի խորհրդարանի` Քնեսեթի կրթության, մշակույթի և սպորտի հանձնաժողովի նիստին Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցի քննարկման ժամանակ պատգամավորների կարծիքները կիսվել են:
«Որպես Իսրայելական պետություն` մենք չենք կարող անտեսել այլ ժողովուրդների աղետները, չնայած դիվանագիտական ճնշումներին և ներկայիս քաղաքական իրավիճակին:
Մենք հավատացած ենք, որ որպես մարդ, որպես հրեաներ, և ոչ հրեա Քնեսեթի այլ անդամների հետ մենք պետք է թեման ազգային օրակարգ մտցնենք: Մենք աշխարհի առջև կանգնած ենք առավելագույն բարոյական պահանջով», – ասել է ասել է Քնեսեթի խոսնակ Ռեուվեն Ռիվլինը:
Նրա խոսքով` անգամ թուրքերն են հասկանում, որ որպես հրեաներ և որպես Իսրայելի քաղաքացիներ մենք չենք կարող արհամարհել մեր պարտականությունը:
Քնեսեթի «Մերեց» խմբակցության անդամ, պատգամավոր Զահավա Գալ-Օնն ասել է. «Տեղի ունեցած սարսափները ճանաչելը չպետք է ազդի Թուրքիայի հետ ապագա հարաբերությունների վրա: Էրդողանի քննադատական հայտարարությունները միջազգային քարոզչության համար են արվում»:
Պատգամավորը նշել է նաև, որ Թուրքիան Իսրայելի հետ ընդհանուր շահերի վրա հիմնված դիվանագիտական հարաբերությունները պահպանելու ճանապարհ կգտնի:
Գալ-Օնը հայտարարել է, որ երկարամյա լռությունից հետո Քնեսեթը պետք է հստակ դիրքորոշում առաջարկի Հայոց Ցեղասպանության վերաբերյալ:
«Հայոց Ցեղասպանության ճանաչման բարոյական խնդիրը պարտիզանական հարց չէ:
Միլիոնուկես մարդ սպանվեց: Ես գիտեմ, որ սա շատ զգայուն թեմա է, և որ տարիների ընթացքում այն որպես արտաքին քաղաքականության գործիք է օգտագործվել Իսրայելի կառավարության կողմից, բայց մենք բարոյական պարտականություն ունենք: Պարզապես անթույլատրելի է, որ մեր կրթական ծրագրերը լռում են Հայոց Ցեղասպանության մասին», – ասել է նա:
Քնեսեթի նախկին անդամ Հայմ Օրոնը, ով տարիներ շարունակ առնչվել է այս հարցին, հավելել է. «Մենք չենք ցանկանում, որ այս ամենը միայն քննարկումով ավարտվի, այլ Հայոց Ցեղասպանությունը ճանաչող փաստաթղթով»:
Նիստի մի շարք մասնակիցներ էլ նշել են, որ Քնեսեթը չպետք է քննարկի տվյալ հարցը, քանի որ դրանով պետք է զբաղվեն պատմաբանները: Նույն կարծիքն է հայտնել նաև երկրի Արտաքին գործերի նախարարությունը:
Նշենք, որ Ազգային անվտանգության խորհրդատու Յաակով Ամիդրորը դեռևս մինչև նիստն առաջարկել էր Քնեսեթի խոսնակ Ռուվեն Ռիվլինին հետաձգել քննարկումը, բայց Ռիվլինը մերժել էր` նշելով.
«Որպես Հոլոքոստ ապրած ազգ` մենք չենք կարող արհամարհել այս հարցը, և արդյունքում լսումները տեղի կունենան նախատեսվածի պես»:
Նիստի վերջին հանձնաժողովը հետաձգեց բանաձևի վերաբերյալ քվեարկությունը` որոշում կայացնելով ժամանակ տրամադրել պատգամավորներին, որպեսզի վերջիններս ուսումնասիրեն Հայոց Ցեղասպանությունն ընդունած այլ երկրների խորհրդարանների բանաձևերը: