ՀՀ Ազգային ժողովի մի շարք պատգամավորներ գերադասում են Ամանորը դիմավորել Հայաստանում: Epress.am-ի հետ զրույցում նրանք պատմել են, թե ինչպես են պատրաստվում անցկացնել տոներն այս տարի,կիսվել են Ամանորյա տպավորությունների, հիշողությունների մասին:
ԱԺ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը պատմել է, որ Ամանորի հետ կապված հիշարժան դեպքերը թեև շատ են, սակայն առավել տպավորված է ուսանողական տարիների հետ կապված միջադեպը.
«Դեպքը տեղի է ունեցել իմ ծննդավայրում՝ նախկին Բաղրամյանի շրջանի Շենիկ գյուղում: Սովորույթի համաձայն` դեկտեմբերի 31-ի ողջ գիշերը ընկերներով դուրս էինք գալիս զբոսնելու: Հերթական Ամանորյա զբոսանքներից մեկի ժամանակ՝ թունդ խմիչքի ազդեցության տակ, չորս-հինգ ժամ անցկացրեցի առվի մեջ՝ քնած: Օգնության հասան ոչ պակաս գինովցած ընկերներս և ինձ դուրս բերեցին առվից»:
Արծվիկ Մինասյանը նշել է, որ Ամանորի գիշերը դիմավորելու է տանը:
«Չեմ հիշում որևէ Ամանոր, որ անցկացրել կամ դիմավորել եմ այլ վայրում: Ավանդական այս տոնը միշտ տանն եմ լինում՝ կնոջս ու երեխաներիս հետ:
Այնուհետ մինչև աշխատանքային օրերի սկիզբը այցելում եմ բարեկամներին, ընկերներին ու ծանոթներին՝ Նոր տարին շնորհավորելու համար: Առաջինը շնորհավորում եմ ընտանիքիս անդամներին, հետո հեռախոսով՝ մորս, հետո նույն գիշերվա մեջ այցելում եմ եղբայրներիս, քրոջս տուն:
Մինասյանի հավաստմամբ` իրենց Ամանորյա սեղանի կարևոր ատրիբուտներից են մանկուց տպավորված խաղողի թփով տոլման, վերջին տարիներին պարտադիր դարձած խոզի բուդը և այդ օրերին բնորոշ մնացած կերակրատեսակները:
«Սիրում եմ, որ սեղանին դրված բոլոր ուտեստները լինեն բացառապես տնային պայմաններում պատրաստված, երբևէ չեմ մտածել պատրաստին գնելու մասին», – ասել է նա:
Հավատում է արդյոք Ձմեռ պապի գոյությանը, պատգամավորը պատասխանել է:
«Իհարկե, ես գտնում եմ, որ չպետք է դադարել հավատալ այդ հեքիաթին ու պետք է ձգտել դա իրականություն դարձնել», – ասել է նա:
Ձմեռ պապիկից ու Ամանորյա գիշերվանից պատգամավորը խնդրելու է հանգստություն, հանդուրժողականություն՝ թե ընտանիքում, թե՝ դրսում, կայուն եկամուտ, ավելի շատ ժպտացող աչքեր, ուրախ ու անհոգ դեմքեր, քանի որ, ըստ նրա, առանց դրական միջավայրի անիմաստ են թե անձնական և թե ընտանեկան հաջողությունները: Նրա խոսքով` այս ամենը և մաղթանք է, և երազանք և բաժակաճառ:
Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը ևս Ամանորն անցկացնելու է Հայաստանում՝ իր խոսքով՝ ընտանիքի գրկում:
«Նոր տարին դիմավորելու եմ տանը՝ ընտանիքիս անդամների հետ: Ավանդության համաձայն` տոներն անցկացնում եմ բոլոր ավանդական հայ ընտանքների պես՝ հարազատների, բարեկամների, ընկերների տներ այցելելով: Չնայած ուտելիքների հետ կապված որևէ պարտադրանք չկա, բայց կարևոր են պասուց տոլման՝ նամանավանդ մայրիկի պատրաստածը, և սպասը, որը անպայման տանը պատրաստվում է հունվարի երկուսին», – նշել է Մարտիրոսյանը:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նույնպես Նոր Տարին դիմավորելու է տանը՝ ընտանիքի հետ:
«Այս տարի մեր Ամանորյա սեղանին բուդ չի լինելու՝ պայմանավորված նրանով, որ բուդը շատ ծանրամարս ու, իմ կարծիքով, շատ անիմաստ ուտեստ է: Փոխարենը սեղանին կլինեն պանիրների տեսականին, աղցանները, միրգն ու լավ կոնֆետները:
Ավանդական ճաշատեսակներ առանձնապես չունենք, շատ եմ սիրում իմ մայրիկի պատրաստած բլինչիկը: Ինքս սիրում եմ մրգային աղցաններ պատրաստել:
Ինչ վերաբերում է Ամանորյա այցելություններին ու հյուրընկալություններին, Զահրաբյանը նշել է:
«Աղմկոտ միջոցառումների ու հավաքույթների սիրահար չեմ: Տոնական օրերին նախընտրում եմ հանգիստը և կարծում եմ՝ ինչպես ես, այնպես էլ յուրաքանչյուրը ցանկանում է հանգստանալ այդ օրերին: Չեմ սիրում փոխադարձ «Բարև Ձեզ»-ն ու «Շնորհավոր»-ը, դե «Ցտեսություն Ձեզ, մենք վաղը կգանք Ձեր տուն» ու նմանատիպ արտահայտությունները: Հյուրեր, բնականաբար, սիրով եմ ընդունում, բայց խուսափում եմ հյուր գնալուց, չնայած մշտապես հանդիպում եմ ընտանիքիս անդամների դիմադրությանը: Աշխատում եմ գոնե տասը օր կտրվել իրականությունից՝ լուրեր չնայել, թերթերում, էլեկտրոնային կայքերում քաղաքական լուրեր չկարդալ, փոխարենը կարդալ այն գրականությունը, ինչն ամբողջ տարվա ընթացքում չենք հասցնում:Սա ամենահարմար առիթն է հանգստանալու ու չնայած կարող է անսովոր թվալ, բայց ես կարողանում եմ կազմակերպել այն», – պատմել է Նաիրա Զոհրաբյանը:
Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը Ամանորը կնշի տանը, այնուհետև կգնա Սարյանի պուրակ, որտեղ արդեն չորրորդ տարին է` Կոնգրեսի ներկայացուցիչներն ու ակտիվիստները նշելու են Ամանորը:
«Ընդհանրապես, ես կարծում եմ, որ Նոր տարին շատ անձնական տոն է և պետք չի այն դարձնել քաղաքական հարցազրույցների առարկա»,- ասել է Լևոն Զուրաբյանը:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը Ամանորը դիմավորելու է իր հայրական օջախում` Սպիտակ քաղաքում: Նա նշել է, որ ամեն տարի Ամանորին իր և իր եղբայրների ընտանիքները հավաքվում են իրենց հայրական տանը, շնորրհավորւմ միմյանց, բարեմաղթանքներ ասում և լավ ժամանակ են անցկացնում հարզատների հետ:
«Քանի որ եկող տարին մի փոքր արտառոց է, և առջևում ընտրություններն են, պետք է լավ հանգստանալ: Հունվարի 2-3-ից հետո լինելու եմ Ջերմուկում: Մի քանի օր այնտեղ կհանգստնամ, դահուկ կքշեմ, քանի որ սիրում եմ դահուկային սպորտը: 7-8-ին կգամ Երևան, որ անցնենք աշխատանքի, որ նորմալ ընտրություններ անցկացնենք»,- ասել է Հովհաննես Սահակյանը: