Հարավային եվրոպական աստղադիտարանը (ESO) հրապարակել է «սուրբծննդյան գիսաստղի» նկարները: Նման անուն է ստացել C/2011 W3` Լավջոյի գիսաստաղը:
Բոլոր նկարներն արվել են 2011 թվականի դեկտեմբերի 22-ին, սակայն հրապարակվել են օրեր անց: Լուսանկարներից մեկի վրա երևում է Ատակամա անապատի Պարանալյան աստղադիտարանի հեռադիտակները: Այնտեղ, գիսաստղից բացի, երկնքում երևում է նաև Ծիր Կաթինը:
Լավջոյի գիսաստղը հայտնաբերվել է 2011 թվականի նոյեմբերի 27-ին սիրողական աստղագետ Տերի Լավջոյի կողմից: 2011-ի դեկտեմբերի 16-ին գիսաստղը անցել է Արևի պսակի մակերեսից 140 հազար կմ հեռավորության վրա:
Ի սկզբանե գիտնականները կարծում էին, որ գիսաստղը կմահանա արևի պսակին հասնելուն պես, սակայն այն կարողացել է գոյատևել և շարունակել ճանապարհը: Հետազոտողների կարծիքով` դա պայմանավորված է նրանով, որ միջուկի տրամագիծը մոտ 500 մետր է: Արևի շուրջ գիսաստղի պտտվելու ժամանակը կազմում է 314 տարի: