Երեկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից համաներում ստացած 92 կալանավորներից 3-ը քաղբանտարկյալներ են, հայտնում է Turan-ը:
Համաներում է շնորհվել Ադրբեջանի ազգային ճակատ կուսակցության երիտասարդ ակտիվիստ Ջաբար Սավալանին, ով Amnesty International իրավապաշտպան կազմակերպության կողմից խղճի գերի էր ճանաչվել: Նա 2,5 տարվա ազատազրկման էր դատապարտվել թմրանյութերի ապօրինի պահման մեղադրանքով:
Ազատ է արձակվելու նաև Հատուկ նշանակության ոստիկանական ուժերի նախկին հրամանատար Նիզամի Շահմուրադով, ով դատապարտվել էր 1995 թվականի մարտին ոստիկանության ջոկատների հակակառավարական զինված ապստամբության ճնշումից հետո: Երկար տարիներ նա թաքնվում էր հետաքննությունից արտերկրում: Սակայն 2007 թվականին վերադարձել էր Բաքու մոր թամանը մասնակցելու, և սգո արարողությունից հետո հանձնվել էր իշխանություններին: 2008 թվականին նրան դատապարտել էին 7 տարվա ազատազրկման:
Համաներմամբ ազատ կարձակվի նաև Բաքվի նախկին դատախազ Մեմադ Գուլիևի վարորդը` Մեհման Մամեդովը: 2006 թվականին նա 7 տարվա ազատազրկման էր դատապարտվել 2000թ.-ին պետական հեղաշրջում իրականացնելու մտադրության մեղադրանքով, ով, ըստ հետաքննության, նախապատրաստում էր Խատաինսկի շրջանի նախկին դատախազ Մահիր Ջավադովը:
Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն Լեյլա Յունուսը ցավով փաստել է, որ այս համաներումը, ինչպես և նախորդները, չի լուծում քաղբանտարկյալների հարցը: Նրա կարծիքով` «դա խոսում է քաղբանտարկյալների խնդրի լուծման հարցում իշխանությունների քաղաքական կամքի բացակայության և հետագայում էլ բռնաճնշումների քաղաքականություն իրականացնելու մտադրության մասին»:
Յունուսի տվյալներով` երկրի բանտերում շարունակում են անազատության մեջ մնալ 70 քաղբանտարկյալներ: