Երեկ Հատուկ քննչական ծառայության կողմից հրապարակված 2008 թվականի մարտի 1-2-ի դեպքերին վերաբերող զեկույցով Հայաստանում եղած ամբողջ իրավապահ համակարգը ոչնչացվեց: Այս զեկույցը, ըստ էության, զեկույց է ոչնչի մասին: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչ, Փաստահավաք խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանը:
«Չորս տարվա ընթացքում ինչպե՞ս կարելի է ակնհայտ բացահայտվող սպանությունները ներկայացնել որպես չբացահայտման ենթակա գործեր: Եվ միաժամակ այս զեկույցով սպանվածներին դիտարկեցին որպես հանցագործներ և ոչ թե որպես զոհեր: Իսկ մարդասպանները շարունակում են գտնվել համապատասխան կառույցներում և որևէ պատիժ չեն կրում: Ըստ էության, զեկույցը դրա մասին էր»,- ասել է Անդրանիկ Քոչարյանը:
Խոսելով Մարտի մեկի գործով երկրորդ անգամ անցկացված նախաքննության մասին` Անդրանիկ Քոչարյանն ասել է, որ պարզապես ժամանակ շահվեց, որպեսզի «Նոր տարվա շեմին մեր ժողովրդին «սյուրպրիզ» անեն»:
«Ժամանակն էլ պատահական չեն ընտրել, որ որևէ արձագանք հնարավոր չլինի հետևողական անել: Սա ուղղված է եվրոպական կառույցներին, որպեսզի ասեն` սա է, այլևս մեզանից որևէ բան մի պահանջեք, այսքանով բավարարվեք: Կարծում եմ` այդքանով որևէ մեկը չի բավարարվի, սա ոչ մեկին չի գոհացնի, և մեր հանրությունը ինչպես հետևողական պայքարել է Մարտի մեկի բացահայտելը պատրադրելու ուղղությամբ, շարունակելու է պայքարը այնքան ժամանակ, մինչև որ այս հանցագործությունները, այս սպանությունները բացահայտվեն»,- ասել է Անդրանիկ Քոչարյանը: