«Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) կուսակցության ծրագրում 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի աստիճանական անցումը ֆիքսված է որպես օրակարգային խնդիրներից մեկը: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը` նշելով, որ դա ԲՀԿ-ի գլոբալ մոտեցումն է ընտրակարգերի խնդրի վերաբերյալ:
Մեր այն հարցին, թե հնարավոր է ԲՀԿ-ն միանա ԱԺ «Ժառանգություն» և ՀՅԴ խմբակցությունների այն առաջարկին, համաձայն որի ընտրական օրենսգրքում պետք է վերացվի մեծամասնական ընտրակարգը, Զոհրաբյանն ասել է, որ նման հարց ԲՀԿ-ում չի քննարկվել, քանի որ հիմա նախատոնական օրեր են և ինքը չի կարծում, որ առաջիակայում ևս նման քննարկում լինի:
«Երբ, որ ընդունվում էր Ընտրական օրենսգիրքը (խոսքը 2011-ին ընդունված փոփոխությունների մասին է – խմբ.) վերջին լրամշակումը եղավ: Գիտեք, դա կոնսեսուսային ընտրական օրենսգիրքն էր և աշխատանքային խմբի անդամ քաղաքական ուժերս եկանք այն եզրակացության, որ համենայնդեպս այս փուլում նպատակահարմար է պահպանել գործող համամասնությունը, ինչը բացառապես չի հերքում, չի բացառում այն, որ «Բարգավաճ Հայաստանն» այդուհանդերձ գտել և մշտապես գտնում է` որպեսզի մենք ունենանք իրապես քաղաքական խորհրդարան, որպեսզի բանավեճերն իրապես լինեն քաղաքական, անհրաժեշտ է քաղաքական կուսակցությունների դերի բարձրացում և, բնականաբար, անհրաժեշտ է աստիճանական անցում կատարել 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին»,- ասել է Նաիրա Զոհրաբյանը:
Վերջինս, սակայն, իրատեսական չի համարել, որ հիմա` ընտրություններից մի քանի ամիս առաջ, երբ խորհրդարանն իր գարնանային նստաշրջանը կսկսի, ընտրական օրենսգրքում կրկին լրամշակում կանի կոնկրետ այդ համամասնությունը վերանայելու համար:
Այդուհանդերձ, պատգամավորի խոսքով, ԲՀԿ-ն մշտապես պատրաստ է մասնակցել այդ հարցի քննարկմանը: