ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 27-ին այցելել է ճանապարհային ոստիկանություն, որտեղ նրան ներկայացրել են ծառայությունում իրականացված բարեփոխումները և զարգացման առաջիկա ծրագրերը: Նշվել է, որ ճանապարհային ոստիկանության վարչական շենքում կահավորվել և շահագործման է հանձնվել խախտումների արձանագրման կենտրոնը, ընթացիկ տարում Երևանում տեղադրվել են 15 արագաչափ տեսախցիկ և 40 դիտարկման տեսախցիկ՝ Երևանի 10 խաչմերուկում:
Նշվել է, որ հետագա 6 տարիների ընթացքում համակարգը պետք է ընդլայնվի, ինչի արդյունքում, ընդհանուր առմամբ, Երևան քաղաքում և միջպետական ավտոճանապարհներին կտեղադրվեն արագության չափման 185 տեսախցիկ և 90 խաչմերուկում՝ տեսադիտարկման տեսախցիկներ:
Մրցույթում հաղթած «Սեքյուրիթի դրիմ» ընկերության պայմանագրային պարտավորությունների մեջ է 2011-2017 թթ. համակարգի զարգացման նպատակով 9 մլն. 849 հազար 562 եվրոյի ներդրումների իրականացումը:
Ճանապարհային երթևեկության նկատմամբ վերահսկողության համակարգի ներդրման ուղղությամբ իրականացված և նախատեսվող աշխատանքներին ծանոթանալուց հետո, Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ այժմ իրական հիմքեր և հնարավորություններ կան ճանապարհային ոստիկանության աշխատանքում արմատական բարեփոխումներ իրականացնելու համար: Որպես սկիզբ` նախագահը կարևորել է հիմնական փողոցները հնարավորինս արագ տեխնիկապես հագեցնելը, ինչը զգալիորեն կնպաստի ընդհանուր առմամբ ճանապարհային երթևեկության խախտումների նվազեցմանը:
Լրագրողներին ներկայացնելով կատարվող աշխատանքների ընթացքը՝ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արթուր Օսիկյանը նշել է, որ այսպիսով նվազեցվելու է ճանապարհային ոստիկան-վարորդ շփումը, կոռուպցիոն ռիսկերը, ինչպես և մարդկային զոհերի ռիսկի գործոնը, հայտնում է Ոստիկանության պաշտոնական կայքը: