Home / Հայաստան / Պաշտոնյաների եկամուտների մասին կպատմեն հասարակությանը. գործադիրը հավատում է` կոռուպցիոն ռիսկերը նվազել են

Պաշտոնյաների եկամուտների մասին կպատմեն հասարակությանը. գործադիրը հավատում է` կոռուպցիոն ռիսկերը նվազել են

Կառավարության կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարության իրականացման արդյունքներով Հայաստանում 2010 թվականին 2008-ի համեմատ արձանագրվել է կոռուպցիոն ռիսկերի 5 տոկոս նվազում:

Այս մասին կառավարությունում հրավիրված ասուլիսում տեղեկացրել է փորձագետ Արմեն Խուդավերդյանը:

Նա նշել է, որ 2011-ի վիճակագրական տվյալները դեռևս ամփոփվում են և կներկայացվեն հաջորդ տարեսկզբին, հաղորդում է ՀՀ կառավարության կայքը:

«Կոռուպցիոն դրսևորումները նվազել են հիմնականում առողջապահության, պետավտոտեսչության, հարկային ծառայության ոլորտներում, որտեղ մշտապես արձանագրվել են մեծածավալ կոռուպցիոն դրսևորումներ»,- ասել է Խուդավերդյանը:

Նա նշել է, որ 2011-ի առաջին կիսամյակում կոռուցիայի դեպքերի բացահայտման քանակը 2010-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է երկու անգամ՝ 86-ով, ինչն ունի նաև կանխագելիչ բնույթ:

Վարչապետի օգնական Եղիշե Կիրակոսյանի խոսքով՝ ստեղծվել է ինստիտուցիոնալ բազա, որով իրականացվում է մեր երկրի հակակոռուպցիոն քաղաքականության ռազմավարությունը: Եղիշե Կիրակոսյանը, կարևորելով կոռուպցիայի կանխարգեման ուղղությամբ տարվող աշխատանքները, ընդգծել է, որ այդ համատեքստում մեծ նշանակություն կունենա հաջորդ տարեսզկիբից գործող Հանրային ծառայության մասին օրենքը: Նախատեսվում է ստեղծել բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով, որով կհայտարարագրվեն վերջիններին պատկանող գույքն ու եկամուտները և դրանք հասանելի կդարձվեն հասարակությանը: