3 անգամ մահին խաբած 18-ամյա Բեն Բրիդլավը հրաժեշտ է տվել կյանքին Սուրբ Ծննդյան գիշերը, պատճառը սրտի նոպան էր, գրում է Daily Mail-ը:
Սակայն տղան, կանխազգալով մոտալուտ մահը, տեսանյութ էր նկարահանել, որում պատմում է իր կյանքի և մահվան հետ կապված փորձի մասին, իր հիվանդության և թե որքան խաղաղ էր զգում, երբ հասկացավ, որ հեռանում է:
Բրիդլավը, ով մանկուց տառապում էր սրտի հիվանդությամբ, գրեթե ամեն օր ստիպված էր պայքարել իր կյանքի համար:
Նա երեք անգամ կյանքի և մահվան միջև ընկած սահմանային իրավիճակում է հայտնվել` 4 տարեկան հասակում, 14 և վերջին անգամ` մոտ մեկ ամիս առաջ:
Տեսանյութում տղան օգտագործում է սպիտակ թղթեր, որոնց վրա գրված է իր կյանքի պատմությունը, այդ թվում այն, թե ինչպես 4 տարեկան հասակում հիվանդանոցում պառկած սպիտակ լույս էր տեսել, որն իրեն խաղաղություն էր պարգևել: «Ես չէի կարողանում հեռացնել աչքերս այդ լույսից, չէի կարողանում զսպել ժպիտս: Ոչ մի բան ինձ չէր անհանգստացնում, կարծես աշխարհում այլևս ոչ մի բան կարևորություն չուներ»,- պատմում է տղան:
Նա տեսանյութը YouTube կայքում էր տեղադրել դեկտեմբերի 18-ին, որից ընդամենը մեկ շաբաթ անց` դեկտեմբերի 25-ին, տղան հրաժեշտ է տվել կյանքին: