Այսօր Երևանի Կենտրոն և Նոր Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը մերժել է ՀՀ ճանպարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը:
Դատավոր Մխիթար Պապոյանն այդ որոշումը կայացրել է ընդմիջումից հետո. մինչ այդ Օհանյանի փաստաբան Մկրտիչ Վասակյանը միջնորդել էր փոխել իր պաշտպանյալի խափանման միջոցը` առաջարկելով 3 միլիոն գրավի դիմաց ազատ արձակել: Հիշեցնենք, որ Օհանյանը մեղադրվում է մոտ 2 500 տոննա բենզին յուրացնելու մեջ: Նույն գործով որպես մեղադրյալներ են անցնում նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի նախկին հրամանատար Ստեփան Կարախանյանը, Ճանապարհային ոստիկանության աշխատակիցներ Արա Լևոնյանը և Սամվել Մախմուրյանը։ Նրանք կալանավորված չեն, և նախաքննության ընթացքում ցուցմունք են տվել Մարգար Օհանյանի դեմ:
Միջնորդությունը մերժելուց հետո դատախազ Հարություն Հարությունյանն ընթերցել է մեղադրանքը: Մարգար Օհանյանը պատասխանել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում:
Ստեփան Կարախանյանը հրաժարվել է պատասխանել դատավորի հարցերին, իսկ Արա Լևոնյանը և Սամվել Մախմուրյանն իրենց մեղավոր են ճանաչել: Սակայն Սամվել Մախմուրյանը նաև նշել է, որ «ընկեր Օհանյանն իրեն ոչ մի բան չի հանձնարարել», և ինքը վերապահումով է ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:
Այնուհետև դատավորը սահմանել է ապացույցների հետազոտման հետևյալ կարգը` հարցաքննել վկաներին, այնուհետև տուժողի ներկայացուցչին, հետո ամբաստանյալներին, ապա հետազոտել գործում եղած ապացույցները:
Դրանից հետո դատախազը միջնորդել է առաջինը հարցաքննել տուժողի` այն է ոստիկանության ներկայացուցչին (Ժիրայր Կարապետյան – ՀՀ ՃՈ իրավաբանական բաժնի տեսուչ –խմբ.), քանի որ նա հարցաքննվելու է վկայի կարգավիճակով: Քանի որ վերջինս դատարանում չէր, դատախազը նաև միջնորդել է հետաձգել նիստը:
Դատավորը բավարարել է դատախազի միջնորդությունը և հետաձգել է դատական նիստը` այն նշանակելով հունվարի 13-ին, ժամը 11.30-ին: